Սոցիալական ցանցերում հրապարակվել են ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին խոշոր հրդեհի բռնկման առաջին կադրերը։ Կադրերում երևում է՝ ինչպես է հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում առևտրի կենտրոնի խաղային գոտում:
 
Մարդիկ փորձում են փրկվել հրդեհից, որոշները երեխաներին են գրկում և վազում։ Տարածքը միանգամից խիտ սև ծխով է լցվում։ Նշենք, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի:
Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել: Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: