Կեմերովոյի ողբերգության գրառումներն եմ նայում ու մտածում․ փոքրիկները միանգամից մեծացան ու կանգնեցին մահվան դեմ- հանդիման։ Նրանք դեռ սկիզբը չտեսած, ավարտը տեսան։ «Մենք այրվում ենք», «Երևի էլ չտեսնվենք», «Մնաք բարով», «Մայրիկիս, բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի» ու նմանատիպ բազում գրառումները արդեն փոքրերը չեն գրում։ Նրանք մեծացան ու այնքան մեծացան, որ հրաժեշտից առաջ մեծերի նման սթափ դատում էին․․․
 
Երանի՜ թե կինոդահլիճում իրենց դիտած մուլտֆիլմի հերոսների նման մտածեին, որ դա ընդամենը մուլտֆիլմ է ու մեծավարի հրաժեշտ չտային իրենց հարազատներին՝ էլ չենք տեսնվի։
 
Կարդում եմ․
 
Անհետ կորել է Տրեշևսկի ավանի մի ամբողջ դասարան։
 
Մեծ ողբերգությունների, աղետների ժամանակ մոռանում ես ազգությունդ ու բոլոր ազգությունները միավորվում են ՄԱՐԴ անվան շուրջ։
 
Նման պահերին փոքրանում ես, երբ հաղորդում են, որ տուժածների մեջ հայ չկա։ Գուցե ասելն անհրաժեշտություն է, պետական մակարդակով, բայց այնպե՜ս անմարդկային է հնչում այդ պահին․․․
 
Տուժածների մեջ հայ չկա։ Եթե չկա, ինչու՞ ենք ցավում այնպես՝ ասես հայ լինեն ու մե՜ր հարազատները․․․
 
Հասմիկ Բաբաջանյան