Կեմերովոյի առեւտրի կենտրոնի խոշոր հրդեհի զոհերից 27-ի մարմինները ճանաչվել են: Այս մասին հայտնել է ԱԻՆ կեմերովոյի շրջանի ղեկավար Ալեքսանդր Մամոնտովը, փոխանցում է Ria-ն:
Այսօր տեղի կունենան 14 զոհերի հուղարկավորության արարողությունները:
4 մոխրացած մարմիններ, որոնք հնարավոր չի եղել ճանաչել, ուղարկվել են լրացուցիչ փորձաքննությունների: Մամոնտովի խոսքերով, այդ մարմինների ճնաչումը իրականացվելու է գենետիկ փորձաքննության հիման վրա:
Ռուսաստանի Դաշնությունում այսօր համապետական սուգ է հայտարարված, իջեցվել են բոլոր պետական գերատեսչությունների դրոշները:
Այսօր Կեմերովոյում հրդեհի զոհերի հրաժեշտի արարողությունն է նաեւ, բոլոր 64 մարմինները հուղարկավորվելու են 4 քաղաքային գերեզմանոցների հատուկ նախատեսված վայրերում՝ Կիրովսկի, Սոլոնեչնի, Կենտրոնական թիվ 2 եւ Կենտրոնական թիվ 5 գերեզմանոցներում:
Այսօր հուղարկավորություն տեղի կունենա նաեւ Տոմսկում, այտեղ հողին կհանձնեն տեղի թիվ 7 լիցեյի 2 աշակերտներին՝ առաջին ու վեցերրդ դասարաններում սովորող քույր-եղբորը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի չորրորդ հարկի մանկական սրահներում բռնկված ու արագորեն տարածված հրդեհին, պաշտոնական տվյալներով  զոհ դարձան 64 մարդիկ, որից 41-ը երեխաներ են: Նրանք փակված էին մնացել 3 կինոդահլիճներում ու ողջ-ողջ այրվել: Կեմերովոյում երեկ ցույցեր էին, մարդիկ չէին հավատում հրապարակված թվերին՝ նշելով, որ զոհերն անհամեմատ շատ են:
Երեկ երեկոյան մեղադրանք առաջադրվեց այս գործով կալանավորված 5 անձի՝ ընկերության սեփականատեր-գործադիր տնօրենին, այն կառույցի վարձակալին, որտեղից սկսվել էր հրդեհը,  հակահրդեհային ահազանգերի համակարգի տեղադրման պատասխանատու կազմակերպության ղեկավարին ու աշխատակցին, նաեւ հսկիչին, որն անջատել էր հրդեհային հրահանգման համակարգը: