Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը ոչ սթափ վիճակում այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։
 
Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տեղացել ոստիկանության աշխատակիցների հասցեին, ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
Ջավահիրյանը մոտ 30 րոպե շարունակել է աղմուկ բարձրացնել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ ոստիկանության ծառայողների հասցեին։
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Երեկ այս միջադեպից հետո տեղեկություն տարածվեց, որ Լիանա Ջավահիրյանը նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և ստորագրությամբ բաց է թողնվել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լիանա Ջավահիրյանը Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատ քույրն է։
Հիշեցնենք, որ Կարեն Ջավահիրյանի մյուս քույրն էլ՝ Քնարիկ Ջավահիրյանը, և մայրը խարդախության միջոցով մոտ 6 տասնյակ գորիսեցիների անուններով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են վերցրել, և հիմա տուժած գորիսեցիները որևէ կերպ չեն կարողանում արդյունքի հասնել. իրենց գունքը, բնակարանները կալանքի տակ են, իրենց վրա պարտավորություն է դրված վճարել այդ վարկերը, իսկ ԱԱԾ պետի ազգականները՝ մայրը և քույրը, որևէ կերպ չեն անցնում քրեական գործով, որը ներկայումս քննում է ՊԵԿ-ի քննչական ծառայությունը։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր տուժածները իրենց բացատրությունների, հարցաքննությունների մեջ շատ հստակ նշում են, թե ինչպես են դարձել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ զոհը, ինչպես են ամիսներ շարունակ Ջավահիրյանների դռները ընկած խնդրել՝ մարել վարկը, որպեսզի իրենք իրենց ունեցվածքը չկորցնեն, բայց ապարդյուն։
Փաստորեն ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը բավական ունիկալ ընտանիք, ազգականներ ունի։ Քույրերից մեկը նախկինում 4 անգամ դատապարտված սկանդալների սիրահար է, մյուսը՝ խարդախությունների մեծ վարպետ։ Իսկ նրանց մայրը ևս ոչնչով հետ չի մնում։ Ուշագրավ է, սակայն, որ բոլոր դեպքերում էլ Ջավահիրյանները անպատիժ են մնացել՝ թերևս պայմանավորված Կարեն Ջավահիրյանի պաշտոնով և կապերով։