Երբ ավագ լեյտենանտ Սարիբեկ Ագլոյանը ծառայության ժամանակ դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել էր ոտքը, նրան թվում էր, թե կյանքը վերջացել է, նա այլեւս չի կարողանա ծառայել, չի կարողանա ամուսնանալ, անօգնական ու թույլ կլինի։ Սակայն այսօր նա ոչ միայն շարունակում է իր ծառայությունը ՀՀ զորքերում, այլեւ կարողանում է ինքնուրույն շարժվել, մեքենա վարել ու նույնիսկ լողալ։ Ավելին, հենց վիրավորումից հետո է նա հանդիպել իր ապագա կնոջը։
  
Սարիբեկ Ագլոյանը պատմել է, որ 7-րդ դասարանից սկսած երազում էր զինվորական կարիերայի մասին՝ ուզում էր զինվորական համազգեստ հագնել, բացի դրանից նրան հաճելի էր այն միտքը, որ ինքը ծառայելու է հայրենիքին ու պաշտպանելու է իր հայրենակիցներին ու իր ընտանիքը։ Ավարտելով դպրոցը՝ նա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ինստիտուտ։  Ուսման առաջին տարիներին նա դեռ չէր պատկերացնում, թե որ մասնագիտացումն է ուզում ընտրել, սակայն երբ ծանոթացել է ինժեներ- սակրավորի աշխատանքին, հասկացել է, որ դա է իր ապագա մասնագիտությունը։
«Երբ ես հասկացա, թե ով է ինժեներ սակրավորը, ինչ դեր է նա կատարում բանակում, ես որոշեցի, որ պետք է հենց այդ մասնագիտությունն ընտրեմ՝ այդպես ինձնից ավելի մեծ օգուտ կլինի։ Ուսման ժամանակ մեզ՝ապագա ինժեներ -սակրավորներիս, անվանում էին մահապարտների գումարտակ։ Մեզնից յուրաքանչյուրը հրաշալի հասկանում էր, որ այդ աշխատանքը վտանգավոր է ու որ մենք կարող ենք զրկվել ոտքից, ձեռքից կամ նույնիսկ կյանքից։ Երբ աշխատում ես պայթուցիկների հետ, երբեմն քեզնից անկախ մտածում ես՝ իսկ եթե պայթի՞»,-պատմում է ավագ լեյտենանտը։
Այդ չարաբաստիկ օրը՝ 2015-ի վերջին, Սարիբեկը անգամ չէր հասցրել որեւէ նման բան մտածել՝ ականապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ նա սայթաքել է թաց գետնի վրա ու պատահաբար ոտքը դրել ականի վրա։ Պայթյուն։
«Բախտս բերել էր, որ ինձ ուղեկցող զինվորները չէին տուժել»,- հիշում է հիմա Սարիբեկը։
Պայթյունից հետո նա գիտակցությունը չի կորցրել, սկսել է անմիջապես ինքն իրեն առաջին օգնություն ցուցաբերել, իսկ հետո արդեն եկել են ծառայակիցները, որոնք նրան հանել են դաշտից ու տեղափոխել հոսպիտալ։ Այնտեղ նրան սպասում էին ծանր վիրահատություններ ու երկարատեւ վերականգնում։ Սարիբեկի աջ ոտքը չի հաջողվել պահպանել։ Բայց որպեսզի նա կարողանար քայլել՝ արդեն Երեւանում հայտնի բժիշկ–օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը պրոթեզավորել է նրա ոտքը։
Ավանգ լեյտենանտ Ագլոյանը հիմա հիշում է, որ սկզբում իր համար շատ դժվար էր՝ տանջում էին ոչ միայն ոտքի ցավերը, այլեւ ապագայի հետ կապված մտավախությունները՝ կկարողանա արդյո՞ք վերադառնալ ծառայության։ Գո՞ւցե պետք էր մոռանալ երազանքների, զինվորական կարիերայի մասին ու նոր մասնագիտություն ձեռք բերել ։ Սարիբեկը միշտ երազել է մեծ ընտանիքի մասին, իսկ եթե իր հավանած աղջիկը չցանկանա՞ ամուսնանալ ոտք չունեցող տղայի հետ։
Ինքնավստահություն ու ապագայի հանդեպ հավատ ձեռք բերել Սարիբեկին օգնել են ծառայակիցները։ Նրանցից մեկը, որի ոտքը նույնպես անդամահատված էր, կանոնավոր այցելում էր նրան, երբ նա հոսպիտալում էր։
«Ես այն ժամանակ նույնիսկ ուտել չէի կարող, իսկ նա, գալով իմ հիվանդասենյակ, փորձում էր ինձ կերակրել ու մինչեւ ես որեւէ բան չէի ուտում, աշխատանքի չէր գնում»,- հիշում է հիմա Սարիբեկը։ Նրան ոգեշնչել էր նաեւ սպա Սարգիս Ստեփանյանի այցելությունը։
«Նա ուղիղ էր քայլում, վստահ, ձեռքին մեքենայի բանալիներն էր բռնել։ Ես այն ժամանակ մտածում էի, որ նրա միայն մեկ ձեռքն է անդամահատված։ Իսկ հետո բուժքույրը պատմեց, որ նրա երկու ոտքն էլ են անդամահատված։ Ես մտածեցի, որ եթե նա այդպես կարողանում է, մի՞թե ես չեմ կարողանա։ Ինչո՞ւ պետք է ես նահանջեմ, հրաժարվեմ իմ նպատակից։ Չէ՞ որ ես այդքան տարի սովորել եմ, ես այդքան ձգտում էի դրան։ Ես նույնպես կարող եմ շարունակել ծառայությունը»,- պատմում է Սարիբեկը։
Երբ ավագ լեյտենանտը արդեն սովորել է իր պրոթեզի օգնությամբ նորմալ քայլել, նա նորից սկսել է մտածել նոր մասնագիտություն ստանալու մասին ու սկսել է այցելել Հայաստանի տարբեր բուհեր։ Բուհերից մեկն էլ Գյումրիի համալսարանն էր, որտեղ նրան հետաքրքրել էր իրավաբանական ֆակուլտետը։ Սակայն նոր մասնագիտության փոխարեն Սարիբեկն այդ համալսարանում գտել է իր ապագա կնոջը։ Նրա խոսքով՝ աղջիկը, որին ինքն այնտեղ հանդիպել է, առաջին հայացքից դուր է եկել իրեն ու ինքը որոշել է, որ նա պարտադիր պետք է դառնա իր կինը։ Դեկտեմբերին ծնվել է զույգի առաջնեկը։
Սարիբեկի խոսքով, ինքը շատ բաների միջով է անցել ու այդ ամբողջ ընթացքում կինն աջակցում էր նրան ու նրա կողքին էր։ Այսօր նա շարունակում է ծառայել զինված ուժերում, մեքենա է վարում ու նույնիսկ կարողանում է լողալ։
«Չի կարելի վիրավորումից հետո ձեռքերն իջեցնել ու հուսահատվել։ Պետք է նորանոր նպատակներ դնել ու հասնել դրանց իրականացմանը՝ ինքդ քեզ ապացուցելով , որ դու ամեն ինչ կարող ես»,- ասում է նա։