Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհից տուժածների թիվը աճել է՝ դառնալով 79:
 
«Այս պահի դրությամբ հոսպիտալացված է մնում 12 մարդ, ամբուլատոր բուժում է նշանակվել 67 տուժածների»,-փոխանցել է ԱԻ ծառայության աղբյուրը:
Հրդեհին զոհ դարձած 2 անձանց հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Կեմերովոյում, եւս 2-ինը՝ Տոմսկում: Մոտակա օրերին այլեւս հուղարկավորություններ չեն լինի՝ մինչեւ գենետիկ փորձաքննությունների ավարտն ու եզրակացությունների փոխանցումը:
Երեկ հողին հանձնվեցին 14 զոհերի մարմիններ Կեմերովոյում, 2 երեխաների էլ՝ քույր ու եղբոր հոգեհանգիստն էր երեկ Տոմսկում, այսօր նրանց հուղարկավորությունն է:
Ստացվում է՝ երեկ ու այսօր հուղարկավորվել են հրդեհին զոհ դարձած ընդհանուր առմամբ 18 մարմիններ, մնացածին հողին հանձնել հնարավոր կլինի ճանաչման համար անցկացվող գենետիկ հետազոտություններից հետո միայն: 
Հիշեցնենք, որ առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով 64 զոհ կար:
Հրդեհը բռնկվել էր քառահարկ առեւտրի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկի մանկական խաղահրապարակների մոտից ու արագորեն տարածվել: 3 կինոդահլիճներւմ փակված էին մնացել ու ողջ-ողջ այրվել 41 երեխաներ: