Երևանում այրվող մեքենայում հրազենային վնասվածքով քաղաքացու դի է հայտնաբերվելԴեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:
 
Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը:  Կան բերման ենթարկված անձինք:  
 
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են:
 
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: