10.000 դրամ գողանալու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված երեք անչափահաս երեխաների մոր մասին սրտաճմլիկ պոստերի շարք է սկսվել... որոնցում, սակայն փաստերը շարադրված են հենց այսքանով (որ ճմլի երեւի): Այս մասին իր Facebook-ի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով, կարելի էր հերթական «համազգային թեման» շրջանառելուց առաջ ծանոթանալ փաստական հանգամանքներին։
«Այդ կինը 4-րդ անգամ գողություն կատարելու համար 3-րդ անգամ է մեղավոր ճանաչվել։ Վերջին անգամ քրոջ դստեր տուն մուտք գործելով գողացել է վերջինիս ամուսնու ամսական ամբողջ աշխատավարձը 110.000 դրամ, ներողամիտ են կրկին անգամ գտնվել, նշանակել են պայմանական ազատազրկում, սահմանել փորձաշրջան։
Փորձաշրջանի ընթացքում նորից գողություն, նորից ծանր հանցագործություն (բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունն օրենքով ծանր հանցագործություն է): Իսկ փորձաշրջանի ընթացքում նոր հանցագործություն կատարելը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը... Այսինքն՝ դատարանն այս պայմաններում այլ բան անել չէր կարող օրենքով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում Մարիետա Հովհաննիսյանի բնակարանից 10 000 ՀՀ դրամ գումարի գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաքննությունն իրականացրել է քննիչ Ն. Ստեփանյանը: Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, օգտվելով տուժող ճանաչվածի բացակայությունից, դռան փականը վնասելու եղանակով մտել է տուժողի բնակարան, ննջասենյակի պահարանի վրայի պայուսակից հափշտակել 2 հատ 5000 դրամ՝ «պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»: