ԵՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԿՆՈՋՆ ՈՒ ՔՐՈՋԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴԸ ՖԵ՞ՅՔ Է 
 
Քաղաքականությունը դաժան բան է, որտեղ զգայականն ու բանականը տեղ չունի, իրականությունը թողած՝ ամեն ինչի մեջ խաղ են փնտրում։ Ու երբ խաղ չի լինում կամ չեն գտնում, միևնույն է, էլի փնտրում են․․․
 
Կեմերովի ողբերգության ժամանակ ընտանիքի բոլոր անդամներին կորցրած Իգոր Վոստրիկովին հենց սկզբից կասկածում էին, որ նա ինչ որ ուժերի թելադրանքով է գործում։ Նա ղեկավարում էր հանրահավաք, կապույտ բաճկոնով երևում ամենուր։ Փոխնահանգապետ Սերգեյ Ցիվելևը նախատում է նրան՝ երիտասարդ դուք ինչ է, փիառվե՞լ եք ուզում դժբախտության վրա։ Երեք երեխաներին, կնոջը և քրոջը կորցրած մարդը ստիպված էր անընդհատ կրկնել, որ ինքը կորցրել է ողջ ընտանիքը՝ երեք երեխաներին, կնոջը, քրոջը․․․ ու էլ կորցնելու բան չունի։
 
․․․Հիմա էլ նույնն է։ Տեսանյութերը դիտելուց ցնցվում ես՝ այդ մարդն անընդհատ վրդովվում, փորձում է ինչ որ մարդկանց համոզել, որ տեղեկությունները սուտ են, որ ինքը քաղաքային իշխանությունների մարդը չէ, որ ինքը կորցրել է իր ընտանիքը։ Ինչպես ինքն է ասում տեսաուղերձում՝ պարբերաբար տեղեկություն է հայտնվում այն մասին, որ ինքն իբր ֆեյք է և պաշտպանում է «քաղաքային իշխանություններին»։ Տղամարդը ցույց է տալիս երեխաների ու կնոջ հետ համատեղ լուսանկարը` նշելով, որ «նրանք այլևս չկան, ամբողջ ընտանիքը չկա»։
 
Դուք չե՞ք հավատում, որ երեք երեխաներին կորցրած մարդը կարողանում է ոտքի վրա մնալ,-հարցնում եմ,- պատասխանել լրագրողներին ու ընդվզել․․․ Չե՞ք պատկերացնում, որ վիրավոր գազանն ամենաուժեղն է, երբ դիմանում է ցավին․․․ Նա մոռանում է վտանգը, ցավը, սարսափը և ուղիղ գնում է վտանգի երախ, որովհետև էլ կորցնելու բան չունի։ Ինչպե՞ս կարելի է ընտանիքը կորցրած մարդուն ֆեյք համարել ու այն աստիճան ցավացնել նրան, որ ընտանեկան համատեղ լուսանկարները հրապարակի․․․
 
Դաժան բան է քաղաքականությունը։ Այն ցանկացած ողբերգությունից էլ սարսափելի է։
 
Երեք երեխաներին, կնոջն ու քրոջը կորցրած մարդը ֆե՞յք է․․․
 
Սա էլ ողբերգություն է։
 
 
Հասմիկ Բաբաջանյան