Հանրապետական կուսակցությունն ունի Սերժ Սարգսյանի վարչապետության «երկաթյա փաստարկ», իշխող խորհրդարանական մեծամասնությունն իրավասու է վարչապետ նշանակել իր ցանկացած թեկնածուի, եթե իհարկե չկա օրենքի հետ հակասություն: Սերժ Սարգսյանի դեպքում այդ հակասությունը չկա, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման մոդելի մասին է:
 
Փաստացի առաջին անգամ ստացվում է մի իրավիճակ, երբ հանրային, հրապարակային, փողոցային դժգոհության հիմքում իշխանության օրինախախտումը չէ, ինչպես նախագահական ընտրությունների պարագայում, երբ ընդդիմությունը հայտարարում էր ընտրությունները կեղծելու մասին: Այժմ ստացվում է վիճակ, երբ խորհրդարանական ընտրությունը կեղծելու մասին մեկ տարի առաջ հայտարարել է ընդդիմության մի փոքր մասը միայն, որն էլ այսօր գրեթե փողոցում չէ, կամ փողոցում է դարձյալ մի փոքր մասով: Այսինքն՝ ստացվում է, որ փողոցում վիճարկվում է ոչ թե իշխանության գործողությունների օրինականությունը, այլ ավելի շատ բարոյականությունը՝ հղում անելով Սարգսյանի հայտնի խոսքին:
Այս տրանսֆորմացիան արժանի է դիտարկման, հասկանալու համար, թե որքանով է այն իրավիճակային և որքանով այն կարող է դառնալ այլևս ներքաղաքական թրենդ, երբ ընդդիմությունը հանրային դգոհությունը կփորձի կառուցել այլևս ոչ թե օրինականության, իրավունքի գիտակցման հիմքերի վրա, այլ բարոյականության: Որովհետև այդ տրանսֆորմացիան կարող է լինել վատագույնը, որ հնարավոր է անել հանրային գիտակցության, քաղաքականության մասին պատկերացումների, քաղաքական ճաշակի, քաղաքացիական մտածողության հետ:
 
Բանն այն չէ, որ քաղաքականությունը չպետք է առնչություն ունենա բարոյականության հետ, կամ որ քաղաքականությունն անբարոյություն է, պետք չէ դրանք խառնել և այլն: Խնդիրը հանրության չափման միավորներն են, ելակետը, և այստեղ բանն արդեն միայն քաղաքականությունը չէ, այլ քաղաքական պրոցեսները նպատակ լինելու փոխարեն միջոց են՝ քաղաքացի ձևավորելու, քաղաքացիների հասարակություն ձևավորելու միջոց: Ըստ այդմ, եթե անգամ քաղաքական պրոցեսը չի բերում դրված նպատակների և հռչակագրերի իրականացման, ընդհուպ իշխանափոխության, այդուհանդերձ յուրաքանչյուր պրոցես բերում է կամ կարող է բերել քաղաքացու ձևավորման, քաղաքացիական, քաղաքական պատկերացումների արդիականացման, հանրային գիտակցության աճի, եթե ճիշտ են դրվում հարցադումները, ճիշտ են կատարվում հղումները և ձևավորվում մեկնակետերը:
 
Այդ իմաստով, բավական շոշափելի օրինակ է 2008 թվականի շարժումը, որը չհասավ իր հռչակած իշխանափոխության նպատակին, բայց որը կառուցված լինելով ճիշտ ձևակերպումների, գիտակցական ճիշտ տեսակետերի և նշաձողերի վրա, հանգեցրեց քաղաքացու նոր գիտակցության ձևավորման, նոր քաղաքացու ձևավորման, և հենց նաև դրա վրա կառուցվեցին հետագա քաղաքացիական մի շարք ձեռքբերումներ, որոնք սակայն չունեցան զարգացում և մեթոդաբանական գեներացիա: Բայց, այդուհանդերձ, մնաց այսպես ասած մի նոր շերտ, որը պետք է զարգացնել, ոչ թե ոչնչացնել՝ թեկուզ լավագույն մղումներով: Հետևաբար, հանրային որևէ գործողություն քաղաքական օրակարգում պետք է հիմնվի օրենքի և իրավականության ելակետի վրա, ոչ թե հիմքը լինի բարոյական պատկերացումներն ու նշաձողերը, որովհետև այդ՝ բարոյական նշաձողերի դեպքում իշխանությանը տրվում է մանիպուլյացիաների ավելի մեծ հնարավորություն, հատկապես, որ իշխանության մոտ ամենամեծն են դրա համար անհրաժեշտ տեղեկատվա-քարոզչական ռեսուրսները:
 
Հանրային շահի, գիտակցության հեռանկարների առումով շատ ավելի նախընտրելի են իրավունքի, օրենքի ելակետով ձևավորվող առավել փոքր խնդիրնեով ու նպատակներով, սակայն հստակ դրված և ձևակերպված նախաձեռնությունները, քան բարոյականության վրա հիմնված խոշոր քաղաքական նպատակներ հետապնդող, այսպես ասած, շարժումները, որոնք սակայն խորքային առումով թե՛ իրենք են քայքայում, թե՛ իշխանությանն են ընձեռում վերջին տասնամյակում ձևավորված քաղաքացիական-քաղաքական նոր գիտակցության շերտը քայքայելու հնարավորություն: