ԻՎԵՏԱ, ԱՅԴ ԴՈՒ՞ ԵՍ ՆԿԱՐՈՒՄ
 
 
Երեկվա քննարկվող թեման Իվետա Մուկուչյանի լուսանկարն էր երրորդ ժամկետի դեմ Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ։
 
Այդ մասին անդրադարձավ Hraparak. am-ը։ Մարդկանց գրառումները ջերմ էին, որովհետև շատերը զարմացած, ինչու չէ, նաև ուրախ էին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչը պայքարող տեսակի կողքին է։
 
Չհավատացի, որ դա Իվետա Մուկուչյանն է (բոլոր դետալները կցմցելով) ու գրեցի նրան՝ Իվետա, այդ դու՞ ես․․․Նկատի ունեի, որ գուցե ֆոտոշոպ է։
 
Իվետան անմիջապես պատասխանեց։
 
-Հոդվածը կարդացեք, ոչ թե միայն վերնագիրը, -խորհուրդ է տալիս ինձ։ Ու համապատասխան հոդվածի հղումն է անում, որը հազար անգամ էլ կարդալով ոչինչ չի փոխվում։
 
-Բայց նկարվել եք «Մերժիր Սերժին» պլակատի տակ,- ասում եմ- գուցե դա չե՞ք նկատել։
 
Ձեր մտերմուհիներից մեկը գրել էր՝ հանեք նկարը, այդ դեպքում ինչու՞ էր գրել։
 
Իվետան է՛լ չի պատասխանում։ Հավանաբար նրա համար, որ ներկայացա՝ լրագրող եմ։ Բայց ֆեյսբուքը լավ հնարավորություն է տալիս, դու տեսնում ես, որ նա կարդացել է գրածդ ու անպատասխան թողել։
 
Իվետայի ու Վոլոդյա Ավետիսյանի նկարի տակ ֆեյսբուքում գրառում կար՝ հանեք այդ նկարը․
 
«Այս պահին Իվետան գտնվում է Օպերայի և բալետի ազգային թատրոնում, որտեղ անցկացնում է փորձ, և որ լուսանկարն արվել է Վոլոդյա Ավետիսյանի խնդրանքով այն պահին, երբ երգչուհին փորձել է մուտք գործել թատրոն»:
 
Ուզում էի իմանալ՝ ով է գրառող աղջիկը։ Բացեցի էջը և տեսա, որ էջի հենց սկզբում Իվետայի հետ գրառողի լուսանկարներն են։ Մտերիմ մարդ է, ազդվել է,- մտածեցի։ Կապն ընդհատվեց, ու ես չկարողացա հետո կրկին գտնել օգտատիրոջը, ոչ էլ գտնել նրա գրառումը։
 
Երգչուհուն հարցրել էի հենց այդ գրառման մասին։ Մի տեսակ հանելուկային էր՝ ինչու՞ էր Իվետայի մտերիմը խնդրում, որ հանեն այդ նկարը։ Երգչուհին իր կամքո՞վ չէր լուսանկարվել։ Կամ գուցե չէ՞ր պատկերացրել․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան