Բազմատարբերակ քաղաքականությունը շատ բարդ ու բազմակողմ աշխատանք է, ներկայիս ռազմական ու քաղաքական ռազմավարություններն անհնար են առանց զանազան տարբերակների մշակման, որոնք պակաս նշանակություն չունեն, քան ընդհանուր, գլխավոր գաղափարը:
 
Ներկայի միջազգային պայմանները, երբ ռազմավարություններն ինքնըստինքյան շատ կասկածելի են դարձել, ծագել են գործոններ, որոնք հանգեցրել են ռազմավարությունների պակասի կամ ռազմավարությունների՝ որպես այդպիսին, բացակայության: Այս կապակցությամբ, Հարավային Կովկասի հանդեպ ուժի համաշխարհային կենտրոնների ռազմավարությունները չի կարելի դիտարկել որպես դետերմինացված ու երկարաժամկետ հայեցակարգեր:
Պատերազմական ժամանակաշրջանի սկիզբը, այսինքն՝ ռազմական գործողությունների անմիջական նախապատրաստության սկզբնական փուլը, այնպիսի իրավիճակներ կստեղծեն, որոնք ռազմավարությունների տարբերակների վերանայման կհանգեցնեն:
Սիրիայի իրադարձությունները դասական են արտաքին խաղացողների, սցենարների հերթականությամբ կիրառման առումով՝ կախված արդեն ստեղծված հանգամանքներից:
Այժմ հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն իրադարձությունների ամենասկզբից էլ գործողությունների մշակված ծրագիր չի ունեցել: Ներկայում ծրագիր արդեն կա եւ այն իրագործվում է, սակայն ակնհայտ է, որ դեռ բազմիցս հարկ կլինի փոխել մտադրություններն ու գործողությունները:
Կարելի է ենթադրել, որ պատերազմական ժամանակահատվածն արդեն սկսվել է, եւ այն կարող է վերաճել կամ էլ չհանգեցնել ռազմական գործողությունների: Այդ պատճառով, հենց հիմա է անհրաժեշտ ուշադիր դիտարկել առաջատար տերությունների դիրքորոշումները, քանի որ տարածաշրջանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվում արտաքին շահագրգիռ կողմերի դիրքորոշումներին ու շահերին:
Նրանց դիրքորոշումներն ու շահերը դեռ ըմբռնվում ու հաշվարկվում են՝ նկատի ունենալով ժամանակի, ներկայության ու արձագանքների չափանիշները: Սակայն շատ շուտով բոլոր հաշվարկներն ու ըմբռնումները կարող են հնացած ու ոչ համարժեք լինել:
Հնարավոր է, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ավելի շահագրգռված լինեն սպառնալիքների մեծացման ու ռազմական գործողությունների վերսկսման հարցում: Իհարկե, տարբեր պատճառներով: