2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսում է լայնածավալ հարձակողական գործողություններ՝ կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։
 
Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Այնուհետև Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
 
Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։ Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակում են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածում, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակում է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:
 
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա: Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակում է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվում շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։ Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։
 
Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվում է հրադադար, դադարեցվում են ռազմական գործողությունները։  Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական:  Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել: