Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նանակվել նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննչ Սևակ Ասմանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։
 
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Վ. Դաղունցի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։
 
Մ. Հակոբյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Արզումանյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի որոշմանբ Մ. Հակոբյանը ձերբակալվել է։
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակից անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։