Կապիտան Արմենակ Ուրֆանյան. 216թ-ի ապրիլի 2-ին մարտի է բռնվել հակառակորդի բազմիցս գերազանցող ուժերի դեմ: Կռվել է մինչև արյան վերջին կաթիլը՝ անձնական օրինակով ոգեշնչելով դիրքի անձնակազմին: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի 4-րդ վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները:
 
Ապրիլի 2-ի գիշերը ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը, որտեղ հերթապահություն էր իրականացնում 4-րդ վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր զինվորների հետ, ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության, իսկ հետո գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Արմենակն իր 6 մարտիկներին հրամայում է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունում է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցում էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն:
 
Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղում թշնամու առաջին փորձը եւ խփում մեկ տանկ: Թշնամու երկրորդ գրոհը 4-րդ վաշտի դիրքերի վրա ավելի մեծ ուժերով է նախաձեռնվում։ Թշնամին դեպի դիրքեր փորձում է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացնում է նաեւ դա։ Թշնամու մեծաթիվ ուժերը նահանջում են: Թշնամու ճարտարագիտական տեխնիկան նույնպես ոչնչացնում է վաշտի հրամանատարը՝ նռնականետով: Թշնամու մեծաթիվ զորքը գրոհում է 4-րդ վաշտի 7 – հոգանոց դիրքի վրա եւ շարունակում հրետակոծությունը:
 
Արմենակը սպանվում է արկի պայթյունից: Նրա հետ զոհվում է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարում է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գումարտակի հրամանատարության հետ, նրա վերջին նախադասությունն է.. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»:
 
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: