Էլի ապրիլ եկավ։
 
Ապրիլի 2։ Օրը անհնար է մոռանալ։ Տղերքը մինչև արյան վերջին կաթիլը կռվեցին, որպեսզի դիրքերը չտան․․․
 
Ապրիլի 1-ին Ռոբերտ Աբաջյանը զանգեց հորը․
 
-Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Տղեդ գնում ա դիրք պահելու…
 
Ապրիլի երկուսին անմահացավ։ Անմահացան 130 հերոսներ։
 
Ռոբերտի խոսքերը ոչ միայն իր, այլ դիրքը պահողների խոսքն է՝ էս դիրքը հանձնողի մերը…. Վերջին նռնակն էր մնացել Ռոբերտի մոտ։ Վերջին նռնակով պայթեցրեց իրեն մոտեցող թշնամու զինվորներին։
 
Եթե ձեզ թվում է, թե մեր հերոսները էլ չկան, սխալվում եք։ Բացեք նրանց անունով ֆեյսբուքյան էջերը ու կհամոզվեք, որ նրանք կան, գրառումներ են անում, մտածում, ուժ տալիս ապրողներին։ Նրանց անունով խոսում են ապրողները։ Ռոբերտի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը՝ Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել․․․ բանաստեղծությունն է։ Ասես ինքն է գրել․
 
 
Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,
 
Սիրտս է խոցել անգութ թշնամին,
 
Սրտիս արյունն է դանդաղ ցամաքել,
 
Ու խառնվել է հայրենի հողին:
 
Սրտիս արյունը Սուրբ հողն է ջրել,
 
Եվ ծաղիկները ներկել ալ կարմիր,
 
Ամեն մի ծաղիկ իր սերն է երգել,
 
Դու նրա՛նց նայիր ու մի՛ վշտացիր:
 
Իմ կյանքը նվեր է հայրենի հողին,
 
Չարչարված քեզ պես հողն է սև հագել,
 
Եվ թափառում է իմ անմեռ հոգին, Եվ քո արցունքից շատ է վշտացել:
 
Դու մի՛ վշտանա, հերոս քո որդին,
 
Հայրենի հողին իր կյանքն է տվել,
 
Երբեք չի քայլի այնտեղ թշնամին,
 
Քանի պատիվս արցունք չի թափել:
 
Իմ ընկերներն են այսօր իմ կողքին,
 
Առյուծ ու արծիվ խոցված կարևեր,
 
Ես կարոտ միայն վերջին նամակին,
 
Խոցած գնդակը երնեկ չբացեր:
 
Դու մի՛ վշտանա, թանկագի՛ն մայր իմ,
 
Ես այդ նամակի բառերը գիտեմ,
 
Խորհուրդը մեկն էր պահել հայրենին,
 
Ես քո պատիվը պահել միշտ գիտեմ:
 
Մա՛յր իմ, մի՛ տխրիր, ես չեմ մահացել,
 
Զարկվել եմ կռվում, մեռավ թշնամին,
 
Ես իմ վաղ կյանքը անմահ եմ դարձրել՝
 
Զինվորի երդմանը միշտ հավատարիմ:
 
Համլետ Հակոբյան
 
ՀԳ Հատ- հատ բացում եմ մեր հերոսների ֆեյսբուքյան էջերը։ Ոգեղեն ինչքան ուժ կա նրանց ծալքերում։ Ինչքա՜ն ուժեղ ենք․․․
 
Հասմիկ Բաբաջանյան