Ապրիլի 2-ին Իրաքում 6 թուրք կին դատապարտվել է մահապատժի «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար։ Որոշումը կայացրել է Բաղդադի դատարաններից մեկը։ Մեկ թուրք կին էլ նույն մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։  Նշվում է,  որ Իրաքում  դեռևս կան թուրքեր, որոնք մեղադրվում են ԻՊ-ին անդամակցելու մեջ։
 
Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Իրաքի իշխանությունների հետ, որպեսզի նշյալ մարդիկ արտահանձնվեն։ Սակայն ինչպես վկայում է աղբյուրը, Իրաքը չի պատրաստվում Թուրքիային արտահանձնել:   Ավելի վաղ Բաղդադի քրեական դատարանը մահապատժի էր դատապարտել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 15 կանանց, որոնք ևս մեղադրվում էին ԻՊ-ին անդամակցելու մեջ։   2017-ի դեկտեմբերին ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ տարած Իրաքում ահաբեկչական կազմակերպության անդամների կամ նրանց ազգական հանդիսացող ավելի քան 560 կին է ձերբակալվել:
 
Փորձագետների կարծիքով Իրաքում ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների թիվն այս պահին անցնում է 20 հազարը:   Տեղեկացնենք, որ իրաքյան օրենքներով խիստ պատիժներ են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր որևէ աջակցություն են ցուցաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Կարող են մահվան դատապարտվել նույնիսկ ԻՊ անդամ հանդիսացող, սակայն ահաբեկչական կազմակերպության կողմից ակտիվ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք: