ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի նախագահի պարտականությունները ապրիլի 9-ից: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստի շրջանակում, որը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Aysor.am-ի տեղեկությունով՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա կլինի 1300 մարդ:

Երդմնակալության արարողակարգը կընթանա հետևալ հաջորդականությամբ՝

Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ կբերվեն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես կգա նորընտիր նախագահը:

Այնուհետև ելույթով հանդես կգան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր նախագահը:

Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նիստը կհայտարարվի փակված: