ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սյունիքի մարզում 45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը. կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. ապրիլի 1-ին «Գորիսի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած, թափանցող վերք, տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել է Սյունիքի մի բնակիչ՝ ծնված 1973թ., ով վիրահատության ընթացքում մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 45-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., շարժառիթը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 20:30-21։00-ի սահմաններում, տուժողը և 1979թ. Սյունիքի մարզի բնակիչը հանդիպել են Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում՝ նույն օրն ավելի վաղ տեղի ունեցած վիճաբանությունը պարզաբանելու նպատակով:
 
Վիճաբանություն վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդուն դանակի գործադրմամբ պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակիչը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, հարցաքննվել միջադեպին ներկա մի շարք անձինք։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: