Ապրիլի 1-ին Գորիսի շրջանի Որոտան գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 23-ն անց 30-ին ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիս Հակոբյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:
 
Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է: Ռոմիկ Օհանջանյանը գյուղապետ Սուրեն Օհանջանյանի հորեղբոր տղան է։
 
Խոսում եմ գյուղապետի հետ։ Հողի մարդուն հատուկ շիտակությամբ պատմում է․
 
-Մի կաթիլ մեղրի պատմություննա, հինչ ասեմ։ Ախպորս են սպանա՜լ, ախպո՜րս, մի սոտ պանի համար․․․Ռոմիկը Մայիսին ասալա, վեր անասունդ բոստանսա մտալ, ավերալ։ Մայիսն էլ թա՝ բա իմ անասունը չի․․․ Հետե կռեվ- ղըլմըղալ։ Վերջն էլ տենցա իլալ։
 
-Սուրեն ջան վերջը ի՞նչ պարզվեց։ Անասունը Մայիսի՞նն էր։
 
Հողի մարդու ազնվությունն ուրիշ է, ասում է․
 
-Չէ, ուրանը չէր․․․ Էրկուսն էլ գյուղացի մարդիկ էին, քարից հաց էին քամում, մի կերպ յոլա քինում, հինչ արին, չհասկացա․․․ 33 տարեկան Մայիսն էր, 44 տարեկան Ռոմիկը։
 
 
Հասմիկ Բաբաջանյան