6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահան Հարությունյանը, ինչպես եւ ՀՀԿ խմբակցության շատ պատգամավորներ խորհրդարանում դրսեւորում է բացարձակ անգործություն: Հարությունյան Վահանը պատգամավոր աշխատած ամիսներին որեւէ ելույթ չի ունեցել: Նա զրո նախաձեռնությամբ է հանդես եկել: Անցնող ամիսների ընթացքում ընդամենը չորս անգամ է հարց ուղղել:
 
Փոխարենը Հարությունյանը բավականին ակտիվ է եղել քվեարկությունների հարցում, իհարկե՝ դակելով կառավարության եւ ՀՀԿ-ի համար նախընտրելի օրենքները: Նա կողմ է քվեարկել 330 անգամ, դեմ՝ 11, իսկ ձեռնպահ երբեք չի եղել: Պատգամավորը չի քվեարկել 9 անգամ, բացակայել է 44 անգամ:
Նշենք, որ տվյալները վերցված են parliamentmonitoring.am  կայքից:
Irakanum.am-ը ներկայացնում է նաեւ Հարությունյանի ունեցվածքն ըստ ներկայացրած հայտարարագի: 37-ամյա պատգամավորը  ունի մեկ բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ:
Հարությունյանը տարբեր մեքենաների սիրահար է: Նա ունի հինգ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներ՝ Range Rover Vogue 4.4», «Range Rover Sport Supercharged 4.2», «Lexus RX 350», «Toyota Camry 3.5», «Hyundai Santa FE 3.5»:
Երիտասարդ պատգամավորը մեկ ընկերությունում ունի 536 մլն 805 հազար դրամի, իսկ մյուսում` 50 հազար դրամի բաժնետոմսեր: Պատգամավոր դառնալու օրվա դրությամբ նա ունեցել է 100 մլն դրամի չափով փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 431 մլն 368 հազար դրամ և 600 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ընդամենը 7 մլն 286 հազար դրամի չափով:
Թե ինչպես է երիտասարդը հարստացել, պարզ չէ:
Նշենք, որ Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ` «Միկմետալի» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին է, ում հենց այս արժանիքի համար էլ ընդգրկել են ՀՀԿ ցուցակում: