Ապրիլի 3-ին, Կարեն Վարդանյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, զրուցեց հաստատությունում բուժում ստացող տղաների հետ, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչպես նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ քննարկեց ապագա համագործակցության ծրագրերը:

Զինվորների համար լավագույն վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը իրականացնելու համար դեռևս հունվար ամսին 120 միլիոն դրամ գումար էր հատկացվել Վարդանյաների ընտանիքի կողմից:

Գումարի մի մասը հատկացվել է Կենտրոնի հիմնադրման աշխատանքները վերջնակետին հասցնելու համար, իսկ երկրորդը՝ 54 մլն դրամը, ուղղվելու է ուսումնական հատվածի կառուցմանը, որը ծառայելու է կենտրոնում բուժվող տղաներին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որ Վարդանյանների ընտանիքի աջակցությունը շատ կարևոր էր Կենտրոնի կայացման հարցում և հետագա համագործակցությունը ևս կօգնի, որպեսզի հնարավորինս բարելավվի վիրավոր հայ զինվորի կյանքի որակը:

Բարերար Կարեն Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու: