Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնական կայքում ու նաեւ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում երեկ հաղորդագրություն էր տարածվել, որն ուներ, մասնավորապես հետեւյալ բովանդակությունը. «Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում, Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում, հնարավորության դեպքում, նշված ժամերին կատարել ոռոգում»:
Այս տեղեկատվությունը, սակայն բնակչության ու հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում որոշակի անհանգստություն է առաջացրել, եւ մտավախություն է հայտնվել, թե պտղատու ծառերը կարող են ցրտահարվել:  
 
«Ազգաբնակչության մի մասը, դատելով ինձ ուղղված բազմաթիվ նամակներից, զանգերից, հասկացել է, որ -2․․․-3 աստիճանը վերաբերում է նաեւ պտղատու ծառատեսակներին (Արարատյան դաշտում դեղձենին է ծաղկած, ծիրանենին է ծաղկած եւ այլն): Ես ուզում եմ ասել, որ դա բացարձակապես չի վերաբերում պտղատուներին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց Գագիկ Սուրենյանը:
Մեկնաբանելով, թե ինչ է նշանակում է բացասական՝  -2․․․-3 ջերմաստիճան՝ հողի մակերեւույթին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց. «Դա նշանակում է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերեւ: Իսկ մեր պտղատու ծառատեսակները, բնականաբար, գտնվում են երկրի մակերեւույթից գոնե 1-2 մետր բարձրության վրա, որտեղ բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Օդում ջերմաստիճանը կմոտենա 0-ի եւ դա կտեւի շատ կարճ՝ ընդամենը 15-20 րոպե, որը կլինի լուսադեմին՝ արեւածագի պահին՝ ժամը 06:30-07:00-ն ընկած ժամանակահատվածում: Եվ դա հնարավոր չէ, որ որեւէ կերպ վնասի ծաղկած ծառերին, որովհետեւ նախ շատ կարճ է տեւելու, հետո բացասական ջերմաստիճան չէ»:  
Սուրենյանը հավաստիացրեց, որ այգիները ծխահարելու եւ այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հանրապետության այն տարածքներում, որտեղ ծառերը ծաղկած են՝ Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային այլ շրջաններում, բացասական ջերմաստիճան չի լինելու:
«Եվ միայն այս գիշերն է: Այս գիշերը կանցնի, արդեն հարավ-արեւմուտքից տաք օդի ներհոսք կսկսվի եւ օդի ջերմաստիճանը մինչեւ ապրիլի 9-ը 6-7 աստիճանով այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա»,- ասաց Սուրենյանը: Արդեն ապրիլի 9-ին որոշ շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +24-ի: