Եվրոպական միության մի շարք երկրները հրաժարվում են մասնակցել Թուրքիայի հետ փախստականների գործարքի հետագա ֆինանսավորմանը: Այս մասին հայտնել է «Der Spiegel» շաբաթաթերթը՝ հղում կատարելով Բրյուսելում իր սեփական աղբյուրներին: Թուրքիային տրամադրված 3 մլրդ եվրո չափով առաջին տրանշի մեկ երրորդը վճարվել է Եվրոպական միության բյուջեից, իսկ երկու երրորդը՝ Եվրոպական միության երկրների վճարներից: Յուրաքանչյուր երկրի վճարման չափը որոշվել է համաձայն համախառն ներքին արդյունքի: Գերմանիան ամենախոշոր վճարումն է կատարել՝ 500 մլն եվրո: Ըստ շաբաթաթերթի՝ Եվրոպական հանձնաժողովի նամակում Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շբեդիան, Դանիան և Ֆինլանդիան պահանջել են, որ մնացած 3 մլրդ եվրոն վճարվի Եվրոպական միության բյուջեից: Եվրոպական խորհրդի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը դրան դեմ է հանդես գալիս: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը 2017 թ-ի հունիսին՝ Եվրոպական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ, պահանջել է, որպեսզի Եվրոպական միությունը Թուրքիային երկրորդ տրանշը ներկայացնի, երբ Անկարան իրականացնի փախստականների շուրջ համաձայնությամբ սահմանված բոլոր նախագծերը: Եվրոպական միության ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն նաև Թուրքիայում դպրոցների և հիվանդանոցների կառուցման համար: Համաձայնեցված 26 նախագծերից իրականացվել է կեսից պակասը, իսկ շատերը նույնիսկ չեն սկսվել: Բացի այդ, Եվրոպական միության երկրները բողոքում են ֆինանսավորման անթափանցիկությունից: Նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Գերմանիայի ներկայացուցիչը ցանկացել է իմանալ, թե Եվրոպական հանձնաժողովն ինչ միջոցներով է ֆինանսավորում փախստականների հարցերով գործարքը, և թե արդյոք դրա համար ստիպված է եղել կրճատել այլ ծրագրերի ֆինանսավորումը: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը չի կարողացել պատասխանել այդ հարցին: Արդյունքում՝ Եվրոպական միության մի շարք երկրների ներկայացուցիչներ հայտարարել են, որ ֆինանսական միջոցների տրամադրման հարցը կորոշվի միայն այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի միջոցների ծախսերի մասին զեկույց: