Մահն ինձ չի վախեցնում, բայց մեռնել չեմ ուզում. Ազնավուր
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է բուլղարական Шоуто на Славиհեռուստաշոուին՝ խոսելով ծերության, մահվան, հայկական ծագման, ինչպես նաև, իր իսկ համոզմամբ, աշխարհի ամենամեծ չարիքի մասին:
 
Իննսուներեքամյա Ազնավուրը նշել է, որ ժամանակակից աշխարհի մեծագույն չարիքը եսասիրությունն է:
 
«Ես տխրում եմ, քանի որ հիմա ամեն մեկը մտածում է միայն իր մասին: Տխրում եմ, որ կան մարդիկ, որոնք փորփրում են կերածներիս մնացորդները»,-նշել է երաժիշտը, ում խոստովանմամբ՝ ինքը ժողովրդի միջից ելած մարդ է ու մտածում, կյանքը զգում է սովորական մարդկանց պես:
 
Խոսելով իր ծագման մասին՝ շանսոնյեն ասել է. «Երջանիկ եմ ներգաղթյալների զավակ լինելու համար: Ես ֆրանսիացի  եմ ու հայ, մեկը մյուսից չի կարելի տարանջատել, ինչպես ասենք կաթն ու սուրճը: Բայց եթե պապերիցս մեկը լիներ սևամորթ, մյուսը՝ հրեա, իսկ 3-րդը՝ արաբ, ես միանգամայն այլ մարդ կլինեի»,-շարունակել է Ազնավուրը:
 
Այնուհետ շանսոնյեն անցում է կատարել մանկությանը՝ վերհիշելով, որ փոքր ժամանակ, երբ հայրն ազգանունը գրում էր ռուսերեն, ինքն այդ լեզուն չիմանալու պատճառով միշտ կարդում էր «Ազնաբիպ»: «Ռուսերեն «վ» տառը կարդում էր որպես «բ», իսկ «ռ»-ն՝ որպես «պ»:
 
Հաղորդավարի դիտարկմանն առ այն, որ ինքը բավական հումորով է, Ազնավուրը պատասխանել է. «Կյանքում պետք է ծիծաղել: Ով ծիծաղում է, նա ավելի լավ ու երկար է ապրում»:
 
Խոսելով ծերության մասին՝ շանսոնյեն նշել է, որ ծերանալուց չի վախենում ու հիմա երգեր է գրում հիմնականում 90-ն անց մարդկանց համար:
 
«Մահն ինձ չի վախեցնում: Լույս աշխարհ գալուց ի վեր գիտակցում եմ, որ դա տեղի է ունենալու: Ես չեմ վախենում, բայց մեռնելու ցանկություն չունեմ»,-ընդգծել է շանսոնյեն:
 
Աղբյուրը հավելում է, որ Ազնավուրը նոյեմբերի 30-ին 40-ամյա դադարից հետո համերգ է տվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: