Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է կատարել Հայաստանի զբոսաշրջության մատչելիության վերաբերյալ: Նա նշել է այն թանկ ծառայությունները` ավիատրանսպորտ, հյուրանոցներ, ծառայություններ, որոնք խոչընդոտում են զբոսաշրջիկներին այցելել Հայաստան:
2017-ին Հայաստան է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկ, և սա ոլորտի պատասխանատուների հպարտության աղբյուրն է, սակայն իրո՞ք այդպես է:
Հասկանալի է, որ հիմնականում Հայաստան են գալիս մեր երկրից արտագաղթածները, սփյուռքահայերը, որոնք և ստեղծում են զբոսաշրջային միստիֆիկացիա. այդքան զբոսաշրջիկ Հայաստան չի գալիս: Պետական համակարգին քիչ թե շատ ծանոթ մարդը կհասկանա, որ այդ 1,5 մլն զբոսաշրջիկի մասին ներկայացված թվաքանակը նկարչության ժանրից է, իսկ Հայաստան այցելողների հիմնական հատվածը հայեր են` գալիս են իրենց պատմական հայրենիք: Այստեղ հպարտանալու որևէ առիթ չկա, ընդհակառակը՝ նման քանակի հայ մարդկանց մուտքը երկիր, ապացույցն է այն մեծ արտագաղթի, որը կա և դեռևս շարունակվում է:
Հայաստանում չկան մատչելի հյուրատներ, որտեղ զբոսաշրջիկը կարող է պարզապես գալ երկիր տեսնելու, ում անհրաժեշտ չեն ճոխություններ և այլևայլ պերճանքներ, որոնցով հագեցած է Հայաստանի հյուրանոցային ցանցը:
Չմոռանանք, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հիմնականում տարեց մարդիկ են և երիտասարդներ. հարուստ խավը հանգստանալու իր շքեղ տեղավայրերն ունի: Իսկ Հայաստանը երիտասարդության և թոշակառուների համար մատչելի չէ:
Հայաստան են գալիս հիմնականում հայերը և «զարգացնում» զբոսաշրջությունը. սա արդեն ծիծաղելի է:
Իսկ այն փոքրաթիվ քանակությամբ մարդիկ, որ գալիս են պարզապես Հայաստանը տեսնելու, շատ քիչ են, և Զբոսաշրջային կոմիտեն ահա այդ փոքրաթիվ քանակն է ճոխ ցուցադրում. զբոսաշրջիկների իրական թիվն ավելի համեստ է, քան ցուցադրած թվերը:
Եթե այդ մասին գրվում և խոսվում է, այլ հարց է, սակայն երբ այդ մասին գրում է բլոգեր Լապշինը, ում բանտարկել էին Ադրբեջանում և ով հայտնի է իր հակաադրբեջանական ելույթներով, ապա նրա ստատուսները կարդում են օտարերկրացիները, ովքեր եթե անգամ չէին լսել Հայաստանի մասին, արդեն կարծիք կազմեցին. մի տեսակ հակափիառ ստացվեց Լապշինի կողմից, սակայն ոչ առանց հիմքի:
Հայաստանում կա ճանապարհների, հյուրանոցների, ծառայությունների, սակագների, որակյալ սպասարկման խնդիր. այսքանով հանդերձ՝ 1,5 մլն զբոսաշրջիկ. Ինչպես ասում են` զբոսաշրջության պատասխանատուները ստում են, աչք էլ չեն թարթում: