Մեր ժամանակի հերոս Տիգրան Բերակչյան. Տիգրանը զոհվել է ապրիլի 2-ին, Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի Լելե Թեփե բարձրունքում գտնվող դիրքում, ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում: 
 
Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն՝ փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել եւ հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գեւորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը: Տիգրան Բերակչյանն այն անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմիններն օրեր անց վերադարձրին հայկական կողմին:
Տիգրանը երազել է զինվոր դառնալ եւ ծառայել հենց Արցախում, իսկ ծառայության ընթացքում էլ որոշել է զինվորական դառնալ՝ մնալ ծառայելու բանակում: Տիգրան Բերակչյանը ծնվել էր 1997 թվականի մարտի 22-ին Երևանում: Նա մեծ սեր է ունեցել համակարգիչների հանդեպ, ամբողջ օրը պատրաստ էր անցկացնել համակարգչային տեխնիկա ուսումնասիրելով: Հայրը՝ Էդուարդ Բերակչյանը, իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ ուսմանը զուգահեռ Տիգրանը նաեւ աշխատել է, սակայն այնպես էր դասավորել, որ աշխատանքի պատճառով ուսումը չտուժեր:
Քանաքեռի Կոստան Զարյանի անվան համար 117 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Տիգրանը, պատմության դասասենյակը կոչել են նրա անունով: Տիգրան Բերակչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Արիության» շքանշաններով։