«Ես երևի ամենավերջինը հասկացա, որ պատերազմ ա սկսվել: Ուսումնական փուլը նոր էր վերջացել ու տագնապները դեռ սովորական էին: Երբ վաղ առավոտյան տագնապ տվեցին, իրավիճակից չհասկացվեց, որ լուրջ բան ա կատարվում, ուր մնաց պատերազմ: Չնայած, միշտ էլ գիտեի, որ կռիվը չի ավարտել, ուղղակի չէի մտածում, որ էդ կարգի խստացումներ կլինեն: Դե 80 օրվա ծառայող էի, շատ բան չէի հասկանում», պատմում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը, ով ծառայել է Մարտակերտի շրջանում:
Դիրքեր բարձրանալուց հետո, Հայկը չի հասցնում հակառակորդի դեմ երկար պայքարել, ապրիլի երկուսի առավոտյան վիրավորում է ստանում: «Ես հրետանավոր եմ եղել, իսկ հրետանին դիրքեր չի բարձրանում ու առաջին գծում հերթափոխ չի անցկացնում: Բայց ապրիլի երկուսի առավոտյան ասացին, որ դիրքապահները հրետանու կողմից օգնության կարիք ունեն, ու մենք բարձրացանք: Առավոտյան 5.30 բարձրացանք, ու մի ժամ հետո հակառակորդի արձակած ականանետի արկի պայթյունից ծանր գլխուղեղային վիրավորում ստացա: Վիրավոր վիճակում մի 10 րոպե գիտակից վիճակում էի: Սիրտս պայթում էր, որ էդքան շուտ վիրավորվեցի ու էլ չէի կարա տղերքի կողքին լինել: Հետո ընկերս՝ Կարապետը եկավ ինձ օգնության, ու մինչև ինքը հասավ, մարմինս ավելի ծանրացավ ու էլ չեմ հիշում»:
Վիրավորում ստանալու օրվա ընթացքում Հայկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Երևան: «Չորս թե հինգ օր կոմայի մեջ եմ եղել, ասում են՝ հույս չի եղել, որ կապրեմ: Հետո արդեն արթնացել եմ ու սկսել բուժում ստանալ: Ինձ համար մի քիչ ավելի բարդ ա, քանի որ ես ձախլիկ եմ, ու ձախ ձեռքս չեմ զգում: Բայց ինչպես տեսնում եք, կարողանում եմ ինքնուրույն տեղաշարժվել»:
Նախքան քառօրյա պատերազմը Հայկը որոշել էր, ծառայությունից հետո գալու է և ուսումը շարունակի: «Մտածում էի կծառայեմ, կգամ, կսովորեմ, էն էլ... բերեցին (ծիծաղում է, խմբ.): Բայց հիմա էլ սովորում եմ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնում եմ սովորում»:
Ապագայի մասին խոսելիս, Հայկը նշում է, որ առաջնայինը բուժումն է: «Ես բուժումս Հայաստանում եմ ստանում, չգիտեմ՝ արտերկրում շարունակելու խնդիր կա, թե չէ: Բայց գիտեմ՝ լավ ա լինելու: Հատկապես, որ հաշմանդամություն ունեցող մարդը իմ կարծիքով լիարժեք մարդ է ու էս կարգավիճակը ամեն վայրկյան կարա ու կփոխվի»: