Մտքերով սկսեցի խոսել արարչի հետ։ Խոսեցի-խոսեցի, վեր կացա ու որոշեցի գնալ եկեղեցի և շնորհակալությունս հայտնել հենց տեղում։ Գնացի․․․ Ողջ ճանապարը անցա մեկ շնչով, ուժ հավաքած, ոգևորված ՝ մտքումս կրկնելով, թե ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ, որ հանկարծ չմոռանամ ու տրվեմ անիմաստ խնդրանքներին։
 
Աշակերտի նման մտքումս կրկնելով, թե ինչ պետք է ասեմ, ինքս էլ չզգացի՝ ինչպես հասա եկեղեցու բակ։ Մարդաշատ էր։ Ուրախացա։ Ազգը Աստծուն հավատում է, եկել է աղոթելու, խնդրելու, և գուցե այսքան մարդկանց մեջ կգտնվի գոնե ևս մեկը, ով ինձ նման եկել է շնորհակալություն հայտնելու, մտածեցի ես։ Գնացի, պատն անցա ու․․․․ Առաջին բանը, որ եկեղեցու դռների մոտ առջևս դուրս եկավ, դագաղն էր։ Վայ, Աստված ջան, կարկամեցի։ Հիմա ի՞նչ անեմ, մտնեմ նե՞րս, թե՞ շրջվեմ գնամ տուն՝ էդպես էլ շնորհակալությունս չհայտնելով։ Կանգնել նայում եմ սև դագաղին ու չգիտեմ՝ ինչից է, բայց շունչս կտրվում է։ Լավ, մտածեցի, մտնեմ, մոմ գնեմ, շուտ վառեմ ու գնամ տուն, վերջին հաշվով՝ դռնից հետ չեն դառնում, չեմ հիշում՝ ումից եմ լսել: Մտա, գլուխս կախ 2 մոմ գնեցի, ինչպես միշտ, ու չարություն արած երեխայի նման փնտրեցի վառելու տեղը։ Դժվարությամբ գտա, բայց գտա։ Ողջ եկեղեցին ձևափոխել էին, դե բնական է, հանգուցյալի դին մեջտեղում էր դրված, շուրջը հարազատները։ Անդադար մտքումս ինքս ինձ ասում էի՝ չնայես, չնայես, էլի կվատանաս, կնեղվես, բայց ինձ հենց ասում են՝ չնայես (կապ չունի՝ ով), ես նայում եմ, համառ եմ էլի։ Նայեցի․․․ Մոմերը վառեցի ու դուրս եկա՝ մոռանալով ողջ ճանապարհի անգիր արածս։
 
Համարյա վազելով լքեցի եկեղեցու տարածքը։ Հասա տուն ու․․․ Հիմա գուցե սխալ ընկալվեմ, բայց ինչքանո՞վ է ճիշտ եկեղեցում նման արարողություններ անցկացնելը։ Չէ, եկեք բացատրեք, որ հասկանամ։ Գուցե ինձ նման մեկն էլ այսօր որոշում է եկեղեցի գնալ իր երեխայի հետ և․․․ Գոյություն ունեն սգո արարողության հատուկ սրահներ, գոյություն ունեն հազար ու մի նման ծառայություներ։ Որքանո՞վ է ճիշտ, մարդը եկեղեցի գնալուց ամեն անգամ իրեն ու երեխային հոգեբանորեն տրամադրի, որ հնարավոր է՝ մեկի պապիկը մահացած լինի, ու էդ եկեղեցում լինի պապիկի անկենդան մարմինը, չնեղվես։ Իսկապես վատ ու աննկարագրելի ծանրացած եկա տուն, թեթևանալու փոխարեն։ Այլ բան է, երբ մտածված գնում ես թաղում կամ հոգեհանգստի (չնայած միշտ վատանում եմ), այլ բան է, երբ մտածված գնում ես եկեղեցի՝ աղոթելու։ Չցանկանալով ոչ ոքի նեղացնել՝ պիտի ասեմ՝ սիրելինե՛րս, ցավում եմ, վատանում ու կիսում, բայց կան հատուկ սգո սրահներ, հատուկ ծառայություններով և թերևս համեմատելիորեն մատչելի։ Ավելի պատշաճ չէ՞ նման սրահների ծառայությունից օգտվելը: Ինձ նման շատերը այսօր ունեցան նմանատիպ սթրես հակառակը զգալու փոխարեն։ Գուցե մտածեք նախքան եկեղեցում նման արարողություններ անցկացնելը, որովհետև սա էն դեպքն է, որ բոլորիս դուռը գալու է, ու մի օր էլ դուք ինձ նման եկեղեցու բակում սթրեսից կկորեք բառիս բուն իմաստով։ Հ․Գ․ Հազար ներողություն գրառմանս համար, բայց սա իսկապես խնդիր է։ Հ․Հ․Գ․ Ուշ ժամին գրելը մտածված է։