Բելգիական ավելի քան 20 կազմակերպություններ ներքաշված են Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալում. բելգիական թերթ
Բելգիական «Լաաթստե նիվս» օրաթերթը «20 բելգիական կազմակերպություններ ադրբեջանական ռեժիմից գումարներ են ստացել» խորագիրը կրող հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում նշվում է, որ ավելի քան 20 բելգիական կազմակերպություններ, այդ թվում` «Սոլվե»-ն և «Պրոկսիմուս»-ը 2012-2014թթ. միջնորդների օգնությամբ գումարներ են ստացել ադրբեջանական ռեժիմից: Բոլոր գործարքների ընդհանուր գումարը կազմել է 2.1 միլիարդ եվրո: Մասնավորապես, BICS 2 միջազգային սուրհանդակային ծառայությունը 2013թ. մայիսի 2-ին LCM Alliance LLP-ից, որը բրիտանական 4 կասկածելի ընկերություններից մեկն է, ստացել է 173 միլիոն 392 հազար եվրո գումար: Նշված բրիտանական ընկերություններն, ամենայն հավանականությամբ, բացվել են փողերի լվացման մեջ օգտագործվելու համար: BICS ընկերությունը հայտարարել է, որ այդ գումարը հեռահաղորդակցման ծառայությունների դիմաց իրանցի հաճախորդի կողմից կատարված միանվագ վճար է: Սակայն բելգիական թերթը գրում է, որ գումարի փոխանցման համակարգը, որն օգտագործվել է տվյալ դեպքում, հարիր է կասկածելի ֆինանսական հոսքերին: Թերթը նաև հայտնում է, որ նշված 4 ընկերությունների հաշիվներից օգտվում են եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր Ադրբեջանից գումարներ են ստանում` ներկայացնելով նրանց շահերը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում: