Մեծ Բրիտանիայի Մեծ Մանչեսթեր կոմսության բնակչուհին հավկիթ է խաշել միկրոալիքային վառարանում՝ հետևելով համացանցում գտած հրահանգներին: Անհաջող փորձարկումից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոցի այրվածքային բաժանմունք:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 55-ամյա Դայան Կոբը մեկ րոպե խաշել է հավկիթը միկրոալիքային վառարանում: Կնոջ պնդմամբ՝ ինքն արդեն մի քանի անգամ արել է դա և ոչ մի խնդիր չի ունեցել: Սակայն այս անգամ հավկիթը պայթել է բաժակի մեջ այն պահին, երբ Դայանը դիպել է դրան գդալով՝ վառելով կնոջ դեմքը և կուրծքը:
«Սա սովորական այրվածքից հարյուր անգամ ավելի վատ էր: Ինձ թվաց, թե մաշկս վառվում է, և այն պոկվեց մի քանի վայրկյանում», - պատմել է կինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպից հետո Կոբն անմիջապես սառը ջուր է ցանել մաշկի վառված հատվածների վրա, այնուհետև զանգահարել է իր դստերը, որը բնակվում է մոտակայքում:
Նշվում է, որ Դայանի վնասվածքները չափազանց լուրջ էին ամբուլատոր բուժման համար, և միայն 4 օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից՝ ևս մեկ շաբաթ ստիպված լինելով բժշկական վիրակապ կրել: Ամբողջական ապաքինման համար նրան առնվազն երկու տարի կպահանջվի:
«Այս վիրակապերը կրելը սարսափելի էր: Ամբողջ ընթացքում ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի տանը նստած էի», - պատմել է կինը՝ խորհուրդ տալով բոլորին չկրկնել իր սխալը: