Մարդիկ կան, ովքեր իրենց գոյությամբ դաս են, կյանքի լավագույն դաս։ Դրանցից մեկը Սարգիս Ստեփանյանն է։ Մարտական առաջադրանք կատարելիս կորցրել է երկու ոտքերն ու աջ ձեռքը։ Բայց գիտե՞ք ինչ է ասում․
 
«Ես միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, ունեմ ձախ ձեռքս։ Պետք է առավելագույնս կատարելագործեմ այն, որպեսզի ինձ ոտքերի փոխարեն էլ ծառայի, ձեռքիս փոխարեն էլ։ Պետք է գնահատենք այն, ինչ ունենք և օգտվենք»։
 
Սա մեծագույն դաս է ապրողներիս համար, ապրիլյան պատերազմում վերջույթներ կորցրած երիտասարդների համար, որովհետև երբ երևում էր մայորը, իրար մեջ խոսում էին՝ տես, ինչպես է քայլում, մենք էլ կարող ենք։ Մի առիթով Սարգիսն ասել է․ ____«Ես վիրավորվել եմ մարտական առաջադրանք կատարելիս, կորցրել երկու ոտքերս եւ աջ ձեռքս: Բայց հավատացեք՝ շատ ամուր եմ կանգնած եւ մեծ հավատքով: Ամուր եմ, որովհետեւ տեսնում եմ այս հերոսածին մայրերին։ Նայելով նրանց աչքերին՝ ես իրավունք չունեմ թույլ կանգնել»:
 
Այսօր նա Հայաստանում միակն է, որի երեք վերջույթներն անդամահատված են, բայց դա չի խանգարում որ սպորտային նորանոր բարձունքներ նվաճի։ Սարգիս Ստեփանյանի անունը տեղ է գտել հայկական ռեկորդների «Դյուցազնագրքում»: Նախկին ծանրամարտիկը բազկամարտի աշխարհի առաջնությունների է մասնակցում, հաղթում․․․
 
Բայց դրանց մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Մարդկային ոգու ուժի մասին եմ ուզում խոսել։ Ֆիզիկական ուժը դրա կողքին շատ թույլ է։ Ոգին է թելադրում ֆիզիկականին, ոգին է նրան կյանքի կոչում։ Ահա թե ինչ է ասում Սարգիսը․
 
«Ես միշտ ասում եմ` դու պիտի ուղեղով չընդունես քո ձեռք բերած հաշմանդամությունը, չպիտի հանձնվես: Եթե հոգեպես ուժեղ ես, ուղեղով ուժեղ ես, ոչ մի խնդիր չի կարող լինել, որովհետեւ կյանքը մի փուլ է բոլորիս համար էլ: Ինչ-որ մի հատված է, ապրում ենք, իրավունք չունենք նեղսրտած ապրել: Ոչինչ չի տալիս դա: Նեղսրտելով՝ քո կյանքում դրական փոփոխություն չես բերելու»:
 
Երեկ Սարգիսի ֆեյսբուքյան էջում մի նկար տեսա։ Մտածեցի, որ դրսում էլի չեմպիոնատների է մասնակցում։ Հարցրի՝ Սարգիս ջան որտե՞ղ ես և ինչ նվաճումներով ես Հայաստան գալիս։ Անմիջապես պատասխանեց․
 
-Ոտքերիս պրոթեզավորման համար էի Հնդկաստան գնացել։ Վերջացրել ու վերադառնում եմ»։
 
-Իսկ ես ուզում էի հարցնել՝ ինչ կասես ապրիլի 7-ին հայ մայրերին, այն մայրերին, ովքեր զինվոր են կորցրել։
 
-Ամուր և ուժեղ լինեն, ինչպիսին որ կան։
 
 
ՀԳ Իրոք որ ինչպիսին որ կան։ Եթե նման հերոսածին մայրեր չլինեին, ինչպե՞ս կարող էինք ունենալ Սարգիսի նման ամուր կամքով տղաներ։
 
 
Հասմիկ Բաբաջանյան