ԵՐԵՔ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԵՐԱՆԸ ԿԳԱ՞ ԱՂՔԱՏԻՆ ՆՄԱՆ ԲԱՆ ԱՍԵԼ․․․Սովետի օրոք էլ աղքատներ կային, բայց նրանք չոր հացի կարոտ չէին, աղբարկղեր չէին քրքրում։ Քաղցած չէին։ Կային նաև լավ ապրողներ, ովքեր կարծես թե ամաչում էին իրենց լավ վիճակից։
 
Հիշում եմ մանկությանս տարիներին, երբ մի լավ ապրող խորոված էր անում, այն ժամանակ խորովածի բույրը խենթացնող էր, ուրի՜շ էր, բակի երեխեքը գժերի պես իրար էին խառնվում։ Թաքուն նայում էինք տժտժացող կրակին ու ծխից կշտանում։ Ամաչում էինք, որ խորոված անողը իմանա, թե ինչպես ենք «մեզ կոտորում»։
 
Երբ միսը խորովում էր, խորոված անողը գալիս, մեկ- մեկ շշերը վերցնում ու լավաշով քաշում էր մե՜ծ կաթսայի մեջ։ Վերջում մի քանի շիշ թողնում ու կանչում էր՝ երեխեք եկե՜ք, հալալը ձեր կերածն է, կերե՜ք,- ասում և ժպտալով նայում էր մեր անկուշտ հայացքներին։ Հետո մի շիշ առանձնացնում էր շենքում ապրող մեծահասակի, հիվանդի, անճարի համար ու ժպտում՝ Աստծո փայն է․․․
 
Կարդում եմ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի (ըստ վիքիպեդիայի՝ Թունելի Հակոբ և Բեդնի Հակոբ մականունով) հեղինակային խոսքը ու սարսափում․
 
«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց» armlur. am
 
Կերած- խմած մարդու խոսք։ Ցավ չհասկացող մարդու խոսք։ Ուրիշի ցավը չզգացող մարդու խոսք։ Այս մարդը, եթե խորոված աներ, մեկին «մի թիքա չէր տա», շշերը տժտժացնելով քաղցածների մոտով կտաներ ու հաճույք կզգար նրանց սովահար ու լուռ վիճակից։ Կարագը որ թանկացել է, աղքատն ու իր երեխան կարագ չեն ուտի։ Միսը, որ թանկացել է աղքատն ու իր երեխան միս չեն ուտի։ Ու այսպես մնացած բաները։ Աղքատն ու իր երեխան կարագ ու միս չեն ուտի, (ոչ թե այն բանի համար, որ չեն ուզում, այլ, որ վճարողունակ չեն), բայց մենք մարտունակ բանակ ենք ստեղծում, որտեղ աղքատների երեխեքն են ։
 
Երեք երեխա ունեցող մարդու բերանը կգա՞ նման բան։
 
Աղքատը չի ուտի, դուք կերե՜ք․․․ Աղքատը խուսափում է թանկ բան գնելուց։ Ինչու՞ է խուսափում։ Հասել ենք այն կետին, երբ առաջին անհրաժեշտության մթերքներն էլ է աղքատը խուսափում գնել։ Ու դա համարվում է բնական, աղքատի գրպանին չկպնող։
 
Զրույցներից մեկի ժամանակ Հակոբ Հակոբյանն ասել է, թե ինչու են իրեն Թունելի Հակոբ մականունը տվել․
 
«Հայաստանի Հանրապետությունում ժամանակին ստորգետնյա աշխատանքներով միայն ես եմ զբաղվել, որը, խորհրդարանում վերածելով մականվան, փորձում են ինձ վարկաբեկել: Այսինքն` տեսնելով, որ վարկաբեկելու էլ ուրիշ ձեւ չկա, իմ մասնագիտությունը վերագրել են որպես մականուն: Թունելագործությունը իմ մասնագիտությունն է»։
 
Թունելի Հակոբ մականվան իմաստը հասկացանք, մնում է նաև հասկանալ, թե ինչու են նրան Բեդնի Հակոբ մականունը տվել։ Երևի շատ «բեդնի» է ապրել, որ այդպես լավ հասկանում է «բեդնիների հոգեբանությունը»։
 
Հասմիկ Բաբաջանյան