Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը նաեւ հայտնի է իր ընդդիմադիր  քաղաքական հայացքներով, բազմիցս մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ակցիաներին ու մշտապես կանգնել քաղաքացիների կողքին: «Էլեկտրիկ Երեւան» շարժման ժամանակ էլ Լալա Մնացականյանն այն հայտնի արվեստագետների թվում էր, ովքեր աջակցում էին արդարություն պահանջողներին:
 
«Շատ մեծ անարդարություն է կատարվել ժողովրդի հանդեպ, բացահայտ անարդարություն, դրա համար էլ եկել եմ, որ ասեմ՝ մի արեք այդպիսի բաներ, մենք արժանի չենք»,- ժամանակին այսպես էր մեկնաբանել Բաղրամյան պողոտայում իր բողոքը բարձրացրած արվեստագետը: Նույնն արել էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին սատարելիս, ասելով, որ պետք է նրանց կողքին կանգնել քանի որ նրանք այն տղաներն են, որոնց, ըստ նրա՝ պարտական ենք, որ այժմ Արցախ ունենք:
Այսօր, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է #ԻմՔայլը շարժումը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի, «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե դերասանուհին պատրա՞ստ է հիմա էլ փողոց դուրս գալ ու միանալ նախաձեռնությանը:
Լալա Մնացականյանը նշեց, որ երկրում չէ, այս օրերին գտնվում է Ֆրանսիայում եւ վերադառնալու է ամսի 10-ին: Անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությանը, նշեց. «Մի քիչ չքնեցի՞ն, նոր վեր կացան: Երթը չեն անում այն դեպքում, երբ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ. պոսլե օբեդա գարչիցա նենուժնա»,- ասաց Լալա Մնացականյանը, նշելով, որ այլեւս անօգուտ է, որեւէ քայլ իրականացնելը:
Այս ամենը նա եւս համարում է քաղաքացիական սխալ վարքի եւ պառակտված  ընդդիմության հետեւանք: «Իհարկե կան մարդիկ, բավականին ազնիվ մղումներով, բայց այդ մարդիկ շատ քիչ են Հայաստանում, դա բավարար ուժ լինել չի կարող»,- ասաց նա: Նշեց, որ այսօր ծիծաղելի եւ անլուրջ քաղաքական պրոցեսներ են ընթանում՝ իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են, ընդդիմությունն էլ ոչինչ չի կարող փոխել, քանի որ ուժեղ չէ:
Դերասանուհին ասաց, որ տեղյակ էլ չի եղել, թե այս օրերին ինչ է կատարվում: Իսկ մեր հարցին, թե եթե երկրում լիներ կմիանար նախաձեռնությանը, ասաց. «Այստեղ կասեմ մի բան, որ ես մինչեւ երեւույթի մեջ չեմ խորանում, մանրամասն չեմ տիրապետում՝ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»,- ասաց Լալա Մնացականյանը:
Վերջինս եւս մեկ անգամ ընդգծեց, որ ընդդիմությունն ուշացել է, եւ իր քայլերն ուշացած է իրականացնում եւ դժվար, թե իրենց հաջողվի կանխել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի վարչապետացմանը, Լալա Մնացականյանն ասաց, որ ինքը շատ վատ վերաբերմունք ունի այս խնդրին, նշեց, որ Հայաստանը սարսափելի վիճակի մեջ է ու սրանից վատ էլ չի լինում:
Իսկ այն հարցին, թե նորմա՞լ է, երբ նույն մարդը երրորդ անգամ պետք է ստանձնի երկրի կառավարումը, հատկապես, երբ ինքը հայտարարել է, թե նման հավակնություն դրսեւորելը սխալ է, Լալա Մնացականյանը չցանկացավ այդ հայտարարությունը մեկնաբանել՝ ասելով, որ խղճում է հայ ժողովրդին եւ մեծ ցավ է ապրում: