Լոս Անջելեսում վտանգի՝ պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է հայտարարվել հրդեհների պատճառովԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները վտանգի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակն են հայտարարել տարածաշրջանում բնական հրդեհների պատճառով: Լոս Անջելես քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված: Այդ մասինշ հայտնել է CNN-ը: Նշվում է, որ այժմ հրդեհները մոլեգնում են Կալիֆոռնիայի հարավային մասի չորս շրջաններում: Դրանցից տուժած տարածքների մակերեսն արդեն կազմել է գրեթե 50 հազար հեկտար:
 
Ավելի վաղ նահանգի իշխանությունները կարգադրել են ավելի քան 200 հազար մարդու տարհանման մասին: CNN-ը նշում է, որ տարհանվածների թվում են նաեւ Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանի բնակիչները, որտեղ մեծ թվով հոլիվուդյան հայտնիներ են ապրում:
 
Կրակի տարածումը նաեւ հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանումների: Նահանգի հարավում ավելի քան 260 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության:
 
Ինչպես նշել Է MarketWatch-ը, հոկտեմբերին Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնած անտառային հրդեհներից ունեցվածքի վնասման պատճառով ապահովագրական ընկերություններին ներկայացված փոխհատուցման վճարների գումարը գերազանցել է 9 մլրդ դոլարի նշագիծը: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ անտառային հրդեհների պատճառած ամենազգալի վնասն է:
 
Տուժել կամ ավերվել է ավելի քան 21 հազար բնակելի շենք եւ 2,8 հազար բիզնես-օբյեկտներ, ինչպես նաեւ ավելի քան 6 հազար փոխադրամիջոց, հայտարարել է պետական ապահովագրական տեսուչ Դեյ Ջոնսը: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ վնասը կազմել է 9,4 մլրդ դոլար: Այս հաշվարկները հիմնված են 260 ապահովագրողներից ստեղծված տվյալների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: