Hayeli.am-ը գրում է․ Այն օրվանից, երբ ՀՀԿ-ի կողմից աոաջարկ եղավ  Արմեն Սարգսյանին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե նոր Սահմանադրության ամբողջությամբ գործարկման դեպքում ով է լինելու առաջին տիկինը՝ ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի կինը: Իհարկե, ոչ նախկին, ոչ նոր Սահմանադրության մեջ առաջին տիկին չկա հասկացողություն ամրագրված չէ, հարցը կարգավորվել է այսպես կոչված <<ավանդույթի ուժով>>: Ավելին, վերջերս մամուլը հիշեց, որ Ռիտա Սարգսյանը, երբ դեռ նոր-նոր է դարձել առաջին տիկին, որոշակի շրջանակներին խնդրել է, որ  իրեն այդպես չանվանակոչեն, հեռուստաեթերներով, ԶԼՄ-ներով չներկայացնեն այդ կոչումով, սակայն ժամանակի ընթացքում հաղթել է ավանդույթի ուժը: Իսկ երկու տարի առաջ, երբ դեռ նոր-նոր նախագահական հավակնություններ էր ցուցադրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ նրա հանրահայտ տիկինը ժամանակից առաջ ընկնելով իրեն զգում էր առաջին տիկնոջ կարգավիճակում՝ տարատեսակ ու բազմաբղետ ֆոտոսեսիաներով ողողում համացանքը,  բոլորովին հակառակ լուրերը տարածվեցին: Կային տեղեկություններ, որ Ռիտա Սարգսյանը իր վրդովմունքն էր հայտնում անբռնազբոս Ռուզաննա Խաչատրյանի ակտիվության առիթով, ասելով, որ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել և երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»: Եւ ահա, առաջին տիկնոջ թագը կախված էր օդում մինչեւ այն պահը, երբ  ՀՀ նորընտիր նախագահն այսօր առավոտյան կնոջ հետ հյուրընկալվեց  նախագահական նստավայրում: Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին, դիմավորել են Սերժ և Ռիտա Սարգսյանները ու երկու Սարգսյանների միջեւ հետաքրքրական եւ նշանակալի զրույց է ծավալվել, որը կանխորոշում է, ով է իր տիկնոջը վերցնում առաջինի թագը:
 
«Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:
 
Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար: «Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ»,-ասել է  Արմեն Սարգսյանը:
Այստեղ խոսել է Արմեն Սարգսյանի դիվանագիտական հմտությունները, որը  տիկին Ռիտայի օրինակի համեմատությամբ պարզ ակնարկել է, որ այսուհետ տիկին Ռիտայի կարգավիճակում՝ ասել է թե՝ առաջին տիկնոջ դերում կլինի Նունե Սարգսյանը, որ
Ռիտա Սարգսյանը ոչ միայն իրեն աջակցելու հարցում, այլ որոշակի ուղղության մեջ իբրեւ առաջնորդ: Ի դեպ, չենք կարող չնկատել, որ Արմեն Սարգսյան-Նունե Սարգսյան զույգը առաջին հայացքից  տարբերվում են մյուս Սարգսյաններից եւ նրանց դեպքում ակնհայտ է լիբերալ արժեհամակարգի ու վարքականոնների դրոշմը: Նախագահականում ի տարբերություն Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, նրանք ամենուր ձեռք ձեռքի բռնած էին շրջում:
 
 
Անի Սահակյան
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում