1000$ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հրաժարվեց ցուցմունք տալուց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ:
 
Այսօրվա դատական նիստին ցուցմունք պետք է տար ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը, սակայն վերջինս ասաց, որ օգտվելով իր լռելու իրավունքից՝ այս պահի դրությամբ հրաժարվում է ցուցմունք տալուց և կողմերի հարցերին պատասխանելուց։
 
Այնուամենայնիվ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը հնչեցրեց իր հարցերը։
 
Դատախազը հարցրեց, թե իրականում ճանաչե՞լ է ամբաստանյալ Էլզա Զաքարյանին և ի՞նչ հանգամանքներում։ Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցին։
 
Դատախազը, մեջբերելով Էլզա Զաքարյանի՝ դատարանում տված ցուցմունքը, մի քանի հարցեր տվեց Իշխան Բարսեղյանին, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանելուց։
 
Դատախազի հարցին, թե դատավորն ինչո՞ւ է անձամբ հանդիպել Նորիկ Հակոբյանին և ինչո՞ւ է նրան առաջարկել իջնել անցում, Իշխան Բարսեղյանը հրաժարվեց պատասխանել հարցին։
 
Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Էլզա Զաքարյանն ասել էր Նորիկ Հակոբյանը, ում գործը գտնվում էր Իշխան Բարսեղյանի վարույթում, խնդրել է իրեն իր գործի մասին խոսել Իշխան Բարսեղյանի հետ. «Նորիկը խնդրեց, ես  բարձրացա Իշխան Բարսեղյանի մոտ: Բարսեղյանը հարցրեց, թե ի՞նչ ձևի մարդ է, ասացի՝ խեղճ մարդ է: Ասաց՝ 1000 դոլար գումար թող բերի, կանեմ, բարդ գործ է: Իջել եմ ներքև, Նորիկ Հակոբյանին փոխանցել եմ, որ օգտին հարցը կլուծվի, բայց 1000 դոլար գումար է ուզում: Հակոբյանն ասաց՝ ճարս ինչ: Բարձրացա և այդ ամենը փոխանցեցի Բարսեղյանին: Նա գումարը բերելու կոնկրետ օր նշեց»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այնուհետև կողմերին ասել է, որ իրենց հարցերն ինքնուրույն լուծեն:
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով:
 
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 3-րդ կետով: