Մամուլը չի դադարում խոսել  այն մասին, որ Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում սպան զինվորի է բռնաբարել:
 
Meganews.am-ը թեմայի մասին պարզաբանում և մանրամասներ ստանալու նպատակով կապվեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանի հետ:
 
«Չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որովհետև կա քրեական գործ: Քրեական գործի ընթացքում, որևէ հերքում, հաստատում, հիմնավորում, պնդում չի կարելի՝ դա անմեղության  կանխավարկածի խախտում է, ինչն էլ արել է հենց Forrights.am-ի հրապարակումը: Ես չեմ կարող նույն սխալը թույլ տալ, ինչը  առանձին գիտեմ, չեմ կարող բարձրաձայնել: Հրապարակման ժամանակը կգա, քրեական գործի ընթացքը ցույց կտա ամենինչ»,-ասաց Հովհաննիսյանը:
 
ՊՆ մամուլի խոսնակը չհիշեց մի դեպք, որ բանակում սեռական բռնություն եղած լինի և հաստատված լինի.
 
«21 տարվա ընթացքում նման դեպք չեմ հիշում: Պնդում եմ, որ դա հայկական մենթալիտետին բնորոշ չի: Հիշում եմ շատ բացառիկ դեպքեր, որ եղել են նման ցանկություններ, որ զինվոր-զինվոր, սպա-զինվոր, սպա-սպա սեռական կողմնորոշման հետ կապված քայլեր են արել, բայց բռնի դեպք չեմ հիշում: Սա ասում եմ, ոչ թե կոծկելու համար, այլ որովհետև հայկական միջավայրին, մտածելակերպին նման չէ»:
 
Նրա խոսքով՝ նման քայլ անողը առաջին հերթին իր ամբողջ կյանքն է կործանում.
 
«Հայկական միջավայրում տղամարդու հետ բռնի սեռական հարաբերություն իրականացնող տղամարդը, իր ծնողների ընկերների կողմից ուղղակի կարող է խաչվել»: Արծրուն Հովհաննիսյանը նման հանցագորձությունների ուղղությամբ ՊՆ-ի ձեռնարկած քայլերը գնահատեց բավարար. «Եթե նույնիսկ դա հաստատվի, պատմության մեջ կլինի եզակի դեպք:
 
Այս ուղղությամբ մեր կատարված և կատարվելիք քայլերը ավելի քան բավարար են:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղարաբաղում՝ զորամասերից մեկում սպան զինվորի է բռնաբարել:
Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/8469