Չինաստանում փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել երեխա, որի ծնողները զոհվել են ավելի քան չորս տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ դա հնարավոր է դարձել սառեցված սաղմի շնորհիվ:
 
Հայտնի է, որ Շեն Ժին ու Լյու Ցզին երկու տարվա ամուսնությունից հետո որոշել էին արտամարմնային բեղմնավորման տարբերակին դիմել: Բեղմնավորված սաղմը կնոջ արգանդում փոխպատվաստելուց հինգ օր առաջ զույգը ողբերգական ավտովթարի է ենթարկվել ու մահացել:
 
Դժբախտ պատահարից չորս տարի անց զույգի ծնողները տևական դատական քաշքշուկից հետո ստացել են բեղմնավորված սաղմն ու փոխնակ մոր միջոցով դրան կյանք տվել:
 
Հայտնի է, որ Չինաստանում օրենքով արգելված է փոխնակ մոր ծառայությունը: Ուստի՝ տատիկ-պապիկները ստիպված են եղել մեկնել Լաոս, որտել էլ գտել են կնոջը, որը համաձայնել է կրել իրենց ապագա թոռնիկին:
 
Նշվում է, որ տղա երեխան ծնվել է անցած տարվա դեկտեմբերին: Նրան անվանել են Տիանտիան, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է «քաղցր»:
 
Երեխայի ծնվելուց հետո նրա տատիկ-պապիկները ԴՆԹ թեստ են հանձնել, որպեսզի ապացուցեն նորածնի հետ գենետիկ կապը:
 
Այժմ նրանք ամենաբարդն են համարում տարիներ անց Տիանտիանին իր ծնողների հետ կատարված ողբերգության մասին պատմելը: