«Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Ադրբեջանի դիպուկահարը Տավուշում կրակել է ընկերության բեռնատարի վրա, վարորդը հրաշքով է ողջ մնացել. «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար վարորդն անվնաս է։
 
Այս պահին նա շարունակում է իր ընթացքը։ Ուսումնասիրելով նկարը պարզ է դառնում, որ, Աստված մի արասցե, եթե մի 10 սանտիմետր վերև հարվածեր, մենք հիմա զոհ կունենայինք։ Չեմ ցանկանում ավելի մանրամասն բաներ ասել ու հեռու գնացող եզրահանգումներ անել, որպեսզի չմտնեմ ռազմական լրատվության դաշտ, երբ խոսքը մեր թշնամուն է վերաբերում, ուղղակի այսքանը չէի կարող չնշել, որպեսզի ոչ մի ակնթարթ չմոռանանք, թե որքան նենգ է թշնամին, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիական անձի դեմ է պայքարում, թե զինվորականի, պատերազմ է մղում, թե դարանակալ կրակում գյուղացու քրտինքով աճեցրած բերք ու բարիք տեղափոխող մեքենայի վրա։
 
Ու նաև ոչ մի պարագայում չպետք է մեր զգոնությունը կորցնենք, երբ անցնում ենք նման վտանգավոր տեղամասերով»,-գրել է նա: