Մերօրյա աշխարհում բազմակնությունը բավականին տարածված երևույթ է: Ընդունված է համարել, որ տղամարդու հավատարմությունը կախված է կնոջ պահվածքից:
Ընտանիքից հեռանալու ամեն փորձ բացատրվում է կնոջ «ոչ պատշաճ» վերաբերմունքով կամ ընտանեկան հարաբերություններում տղամարդու անբավարարվածությամբ:
 
Սակայն Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանի մասնագետները հերքել են այս կարծրատիպը: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որում պարզել են կապը տղամարդու ինտելեկտուալ մակարդակի և դեպի դավաճանությունը նրա ունեցած հակվածության միջև: Պարզվել է, որ իմաստուն և բանիմաց ամուսիններն ավելի քիչ են հակված իրենց կանանց դավաճանելու:
 
Ինչո՞վ է պայմանավորված նման օրինաչափությունը: Գիտնականները պնդում են, որ ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող տղամարդը կողմնակի կին չի ունենում, որովհետև սոցիալական և առողջապահական տեսակետից մեկ կին ունենալը հարաբերությունների ամենաանվտանգ տարբերակն է: Սակայն այդ փաստը գիտակցել կարող են միայն բանիմաց ու խելացի տղամարդիկ:
 
Ամերիկացի հոգեբան Մայքլ Դայմոնդը իր տեսակետն ունի այս հարցում, թե ինչից է կախված տղամարդու հավատարմությունը: Նա համարում է, որ տղամարդու մոտեցումն այս հարցին ձևավորվում է դեռ մանկուց: Ամեն բան կախված է ընտանեկան հարաբերությունների այն մոդելներից, որոնց տղան հետևում է պատանի ու երիտասարդ տարիքում:
 
Եթե տղայի հայրական ընտանիքում իշխում է սերն ու հավատարմությունը, ապա մեծ է հավանականությունը, որ ապագայում տղան նույնպես կձգտի այդ օրինակը վերցնել իր ստեղծած ընտանիքի համար:
 
Բրիտանացի գիտնականները նաև զգուշացնում են ծնողներին շատ չդիմել դայակների օգնությանը: Եթե տղային ավելի շատ ուշադրություն է հատկացնում դայակը, այլ ոչ թե մայրը, ապա նույնպես վտանգ կա, որ ապագայում տղան հավատարիմ չի լինի սեփական կնոջը:
 
Գիտնականներն առաջ են քաշում նաև այն փաստը, որ մեկ կին ունենալը փրկում է ընկճախտից, նպաստում նյարդային համակարգը պահպանելուն:
 
 
Սվետլանա Ախի