Ամերիկացի ներդրողների մոտ կարծիք է ստեղծվել, որ Facebook սոցցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հաղթող է դուրս եկել Կոնգրեսում տված 10 ժամյա ցուցմունքից հետո:
 
Ինչպես հաղորդում է CNN-ը, թեև Facebook բաժնետոմսերի արժեքը նվազել է հինգշաբթի առավոտյան, դրանք դեռևս պահպանում են 3 տոկոսի աճը, որը գրանցվել է Ցուկերբերգի՝ Կապիտոլիում մտնելուց հետո:
 
Առկա տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն արդեն 4.5 տոկոսով աճ էին գրանցել երեքշաբթի առավոտյան, երբ Ցուկերբերգը պատրաստվում էր բացատրություն տալ կոնգրեսականների առաջ:
 
Այսպիսով, Ցուկերբերգը, որին պատկանում է Facebook-ի ավելի քան 401.4 մլն բաժնետոմսը, մոտ 3 մլրդ դոլարով հարստացել է վերջին մի քանի օրում: Նրա մասնաբաժինն ընկերությունում այժմ կազմում է 66 մլրդ դոլար:
 
Ներկա պահին Ցուկերբերգը կարողությամբ աշխարհի 7-րդ ամենահարուստ մարդն է՝ ըստ Forbes ամսագրի տվյալների:
 
 
Հիշեցնենք, որ Facebook-ի բաժնետոմսերը 16 տոկոսով անկում էի գրանցել բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալից հետո, որի համաձայն՝ սոցցանցը 87 մլն օգտատիրոջ տվյալներ է տրամադրել վերլուծական ընկերությանը: