Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: Կոշտոյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից տղա երեխա է ընկել ներքեւ: Մոտ 2.5 տարեկան փոքրիկը ծարահեղ ծանր վիճակով ժամը 12:00-ին տեղափոխվել է «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր, կրիտիկական վիճակում, պոլիտրավմա ախտորոշմամբ:
 
Հիմնական տրավման գանգուղեղի կոտրվածքն ու  փակ վնասվածքն է եղել: Փոքրիկը նաեւ ունեցել է բազմաթիվ կոտրվածքներ, կրծքավանդակի, որովայնի շրջանի սալջարդ, արմունկի բաց կոտրվածք եւ արնամիզություն, որն, ըստ մասնագետների, խոսում է նաեւ երիկամների տրավմայի մասին:
«Երեխան գիտակցություն չուներ, միանգամից արվել են բոլոր ռեանիմացիոն միջոցառումները, միացվել է արհեստական շնչառության ապարատին, որպեսզի հնարավորինս պահպանվեն կենսական օրգանների ֆունկցիաները:
 
Անմիջապես կապնվել ենք  Երեւանի «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի հետ, կազմակերպել ենք նեյրովիրաբույժի եւ ռեանիմատոլոգի արտագնա կոնսուլտացիա: Իրենք արագ եկել են, որոշակի միջոցառումներ իրար հետ ենք իրականացրել,  երեխայի վիճակում իհարկե լավացում չի նկատվել, կարելի է ասել նորից վատացում  է նկատվել, եւ երեխային տեղափոխել են Երեւան»,-ասաց «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ներկա պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: