«Ժամանակ»-ը գրում է․
16:15- Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների ուղիղ եթերում ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Ձեզ հետ խոսում է ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը... Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերստին զավթել իշխանությունը: Կոչ ենք անում այսօր 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում, արա քո քայլը եւ Ս. Սարգսյանը կանի իր ետքայլը, արա քո քայլը եւ ՀՀԿ-ն կանի իր ետքայլը»:
 
Վերջում հավելեց, որ Հանրային ռադիոն երբեւէ չի համաձայնել հրապարակել ցույցերի, հանրահավքների մասին իրենց իրազեկումները, ի պատասխան՝ ռադիոյի աշխատակիցն հակադարձեց, որ միտ եթերաժամանակ տրամադրվել է:
 
16:00- Անջատեցին Հանրային ռադիոյի մասնաշենքի լույսերը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, որոշեց այնուամենայնիվ ելույթ ունենալ ու քանի որ ուղիղ եթերի հնարավորություն չեղավ, նա ելույթ կունենա այնտեղ ներկա լրատվամիջոցների առաջ, խնդրեց 5-10 րեպե՝ պատրաստվելու համար:
 
15:50- Նիկոլ Փաշինյանը շուրջ կես ժամ բանակցում էր Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ ներկայացած կնոջ հետ, որն առաջարկեց եթերաժամանակ տրամադրել՝ երեկոյան ժամը 19:00-ին, ինչին չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Ռադիոյի շենքի ներսում հավաքված մարդիկ եւս վակարկում էին, որ եթեր են պահանջում հենց հիմա: 
 
Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ՝ Լիկա Թումանյանը, ժամանակ խնդրեց՝ քննարկելու համար հենց հիմա եթերաժամանակ տրամադրելու հարցը:
 
15:38- «Մեդիադաշտի զգալի մասը Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն  է դարձել՝ ի դեմս Միքայել Մինասյանի: Մենք բողոքում ենք այն բանի դեմ, որ հեռուստատեսային դաշտը բլոկադայի է ենթարկել #ԻմՔայլը արշավը եւ վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող կոնսուլիդացիան: Հ1-ը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչության մեքենան եւ Հ1-ը դարձել է քաղաքացիներին գերեվարելու գործիք: Մենք սրանով մեր բողոքն ենք արտահայտում քաղաքացիներին տեղեկատվական բլոկադայի ենթարկելու համար: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաները»,-Հանրային ռադիոյի ուղիղ եթերից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
 
15:25- Ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվեց բարձրանալ, նրանք գրավել են հանրային ռադիոյի շենքը, որ պատրաստվում է ելույթով հանդես գալ Նիկոլ Փաշինյանը:
 
15:20- Ոստիկանը զենք է ուղղել ցուցարարների վրա, որոնք մտել են հանրային ռադիոյի շենք, ուր մտել է հանրապետականներից մեկը: Ոստիկանը չի թողնում բարձրանալ վերեւ:
 
15:05- Շարունակվում է բազմամարդ երթը Երեւանի փողոցներում: Երթի մասնակիցները հընթացս ողջունում են պատուհաններից նայող բնակիչներին, անցորդներին, մեքենաների վարորդներին, որոնք պատասխանում են ձայնային ազդանշաններով, նաեւ դարձյալ կոչ է արվում ընդդիմադիրներին՝ դուրս գալ հրապարակ ու անել իրենց քայլը: Երթի մասնաիցները հեղեղել են փողոցները, երթն ընթանում է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով, ծափահարություններով ու մեծ ոգեւորությամբ:
 
14:50- Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց քիչ առաջ տեղի ունեցած ՀՀԿ նիստի մասին խոսելով, այնուհետ 2 հայտարարություն արեց.
 
«Առաջին հայտարարությունն այն մասին էր, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկում են հրավիրվում ավտոերթի մասնակիցները, որոնք հավաքվելու էին ժամը 16:30-ին Հարսնաքարի մոտ ու շարժվելու էին դեպի Ծաղկաձոր: Սերժ Սարգսյանը դարձել է «Նեուլավիմի Ջոն», չենք կարող ֆիքսել նրա վայրը՝ շրջափակելու համար: Հաջորդ հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերին համերաշխության կոչ անելու մասին էր: Այս քաղաքական գործընթացում ամենակարեւորը համերաշխություն ապահովելն է: Այսօր առավոտ եկել ու մինչ այժմ այսեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, այստեղ էր նաեւ «Ազատ Դեմոկրատներ»-ից Խաչատուր Քոքոբելյանն իր կուսակիցների հետ, այստեղ է Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ, ՀԱԿ-ի առնվազն երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են մեզ միացել, այստեղ է Արամ Կարապետյանը, սա շատ լավ բանաձեւ է՝ համերաշխություն-մինուս Սերժ Սարգսյան:
 
«Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն նախ թռած են Երեւան քաղաքից, հիմա էլ թռած են Ծաղկաձորից: Ասում ենք՝ գնում ենք ՀՀԿ-ի շենքը շրջափակենք փախնում են Ծաղկաձոր, ասում ենք՝ ավտոերթով գնում ենք Ծաղկաձոր կես ժամում նիստ են անում, Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջարկում ու հեռանում: Հիմա ու՞ր գանք, ասենք՝ Հայաստանում ենք ձեզ շրջափակում, որ թողնեն ՀՀ-ից գնան: Հիմա ուզում եմ մեկ այլ ավտոերթ անենք, որը կկոչենք «Փնտրում ենք ՀՀԿ-ին շրջափակելու համար:
 
Կա նաեւ այսպիսի մի խնդիր,  հիմա բազմամարդ է հանրահավաքը, բայց մեզ ասում են՝ սովորաբար հանրահավաքների ժամը 18:30-ն է, այդ պատճառով մենք երթ կանենք՝ ցույց տալու համար մեր հզորությունը:
 
Գիշերն այստեղ միջադեպ է եղել, սակայն կողմերից որեւէ մեկը մեր հանրահավաքի մասնակից չի եղել: Մեր գործողությունները բռնի չեն, բայց չի նշանակում, թե փափուկ են ու քնքուշ: Այ մարդը, որն այստեղ բռնություն կգործածի, նա մեր շարքերում գործ ու անելիք չունի:
Մենք հիմա երթ կանենք, այստեղ կմնա փոքր խումբ՝ հրապարակը պահպանելու համար: Իսկ այսուհետ ամեն օր ժամը 18:30-ին հանրահավաք է, ամեն օր, սա ֆիսված ժամ է»,-ասաց Փաշինյանն ու հանրահավաքի եկած ժողովուրդը շարժվեց երթի:
 
14:35- Հանրահավաքը կմեկնարկի հաշված րոպեներից: Հրապարակի բոլոր ծայրերից ելույթի վայրի մոտ է հավաքվում հանրահավաքի համար եկած ժողովուրդը: 
 
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հրապարակում անվճար ջրի եւ սննդի բաշխման անկյուններ են ստեղծվել, որոնք իրականացվում են հանգանակությունների ու ՔՊ վարչության անդամների միջոցներով:
 
14:20- Արդեն գրեթե 16 ժամ չորս կողմից փակ է Երեւանի Ֆրանսիայի հրապարակը: Ժամը 14:00-ին սպասվող հանրահավաքը, որը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով, գլխավոր հանրահավաքն է լինելու, կսկսվի մոտ կես ժամ ուշացումով:
 
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ իրավիճակի փոփոխության համար խորհրդակցել է պետք, հսականալ գործողությունների հետագա ընթացքը:
 
Խոսքը ժամանակից շուտ տեղի ունեցած ՀՀԿ նիստի ու որոշման մասին է, որն անցել է միաձայն քվեարկությամբ:
 
Հիշեցնենք, որ այն հայտարարություններից հետո, թե շրջափակվելու է ՀՀԿ մասնաշենքը, կուսակցությունը անսպասելի որոշեց նիստն անցկացնել Ծաղկաձորում: Հանրահավաքի մասնակիցները ծրագրում էին ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր, սակայն ՀՀԿ-ն նիստը սկսել էր բավական շուտ ու որոշել առաջադրել Ս. Սարգսյանի թեկնածությունը:
 
Այսպիսով, ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
 
 
Մանրամասները՝  սկզբնաղբյուրում