Արցախի Ճարտար գյուղում բնակվող բազմազավակ ընտանիքը նոր տուն է ստացել
Երազանքների լուսավոր տան մասին պատմություններով են Հրայրն ու Սուսաննան մեծացրել 5 երեխաներին:  4 սենյականոց տան դիմաց ձգվող կարմիր ժապավենը կտրում են ու էլի չեն հավատում` երազանքն իրականություն է:
 
Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
 
Արցախի Ճարտար քաղաքում ապրող Պողոսյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտը նշում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանի շնորհիվ: Հենց նրա նվիրատվությամբ է կառուցվել  ու կահավորվել Հրայրի և Սուսաննայի տունը, որի շինարարությունը սկսվել էր  2016 թ. հոկտեմբերին:
 
Հրայրն ու Սուսաննան ունեն 4 դուստր և մեկ որդի: Ավագը` Ամալյան սովորում է Արցախի պետական համալսարանում: Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում է: Հոր հպարտությունն է: «Ամալիկս մեծ գիտնական է դառնալու, մեր Ճարտարի անունը աշխարհն իմանալու է նրա շնորհիվ», - ասում է Հրայրը: Հրանուշը, Անուշը և Վարդանուշը դպրոցական են, նույնպես գերազանցիկ են, համապետական օլիմպիադաների հաղթող: Տան կրտսերը Արամն է: 5-րդ դասարանում է սովորում: «Հորս անունն եմ դրել, որ պապի պես քաջ զինվոր դառնա: Հայրս Արցախյան պատերազմում է զոհվել: Մայրս մահացել էր փոքր եղբորս ծննդաբերելու ժամանակ:
 
Նրան էլ երեխաներիս հետ եմ մեծացրել: Միասին ենք ապրում: Մյուս տարի կամուսնանա ու իր տունը կկառուցի», - պատմում է Հրայրը:
 
Անասնապահ է: Պողոսյանների բազմանդամ ընտանիքի ամսական եկամուտը Հրայրի վաստակած 35 հազար դրամն է: Նախկինում 8 հոգով ապրում էին կիսախարխուլ մեկ սենյակ ու մի պատշգամբ ունեցող տանը: Պողոսյանների ընտանիքը ընթացիկ տարում 12-րդն էր, որ նոր նպատակներով ու երազանքներով տարեմուտը կնշի նորակառույց տանը: Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում տուն է նվիրել 25 ընտանիքի: Եվս 10 ընտանիք էլ սպասում է նոր տանը: