Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հանրահավաքների շարքին, Բաղրամյան պողոտայում արձանագրված ոստիկանական բռնի գործողություններին անդրադարձել են գրեթե բոլոր հայտնի լրատվամիջոցները:
 
Currenttime.tv-ն հայտնում է, որ բողոքի ակցիաները քաղաքական պատճառներ ունեն, եւ կապված են սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման կարգի փոփոխության հետ, ինչի արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հնարավորություն ստացավ որպես վարչապետ պաշտոնավարել:
 
Հղում անելով փորձագետներին՝ currenttime.tv-ն նշում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ էին իշխող Հանրապետական կուսակցությանը եւ նրա առաջնորդին՝ Սերժ Սարգսյանին, ով արդեն 1 տարի գտնվում է իշխանության ղեկին: Ըստ էության, Սարգսյանը եւ նրա համախոհները «փոխատեղում» իրականացրեցին, ինչպես Ռուսաստանում 28թ.-ին կատարեցին Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը:
 
Նշվում է, որ հայաստանյան ընդդիմությունը դեմ է Սարգսյանի իշխանավարման շարունակությանը, եւ որ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը  բռնի ուժ է կիրառել, կան վիրավորներ:
 
Deutsche Welle-ն հաղորդում է, որ մայրաքաղաք Երեւանի կենտրոնն ամբողջությամբ արգելափակված է հազարավոր ցուցարարների կողմից:
 
Գերմանական լրատվամիջոցը մեջբերում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Սերժ Սարգսյանը ձեռնարկել է բոլոր քայլերն իր իշխանության վերարտադրության համար:
 
BBC-ն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում արձանագրված բախումներին՝ նշելով, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ այլ հատուկ միջոցներ է կիրառել:
 
Ռուսաստանյան լրատվամիջոցներից «Ինտերֆաքսը», ՏԱՍՍ-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն գրում են անկարգությունների մասին, եւ շտապում հայտնել հարուցված քրեական գործերի մասին: НТВ հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել՝ «Երեւանում ոստիկանությունը մարտի է բռնվել ցուցարար ընդդիմադիրների հետ» վերնագրով:
 
Russia Today-ը գերազանցել է ինքն իրեն՝ 1-2 տողով տեղեկություն հաղորդելով միայն անկարգությունների եւ վիրավորված ոստիկանների մասին:
 
Meduza.io-ն փոքրիկ տեսանյութ է հրապարակել՝ հակիրճ ցուցադրելով օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
 
 
 
 
http://galatv.am/hy/international/226457/#.WtTFM67shAU.facebook