«Հանգիստ թողեք մեզ». հայերի բողոքի ակցիան ԱխալքալաքումՀայ երիտասարդները հավաքվել են Ախալքալաքի կենտրոնում և ոստիկանությունից պահանջել, որ քաղաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության և ստուգումների: Այս մասին հայտնում է jnews.ge-ն:
 
Երիտասարդների բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին Վարչության շենքի դիմաց: Մեր հարցին, ինչու չեն բողոքում ոստիկանության շենքի մոտ, նրանք պատասխանեցին, որ իրենց խնդիրների մասին ուզում են տեղեկացնել տեղական իշխանություններին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն:
 
Երիտասարդների բողոքի ակցիայի էությունը կայանում է նրանում, որ նրանցից շատերին ոստիկանությունը Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո տանում է ստուգման: Դավիթ Մանուկյանն ասում է, որ ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով: Այս խնդրով, երեկ մեր խմբագրություն էր դիմել Կիմ Կուղոյանը, բողոքի ակցիայի մասնակիցներից, ով հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին իրեն Ախալցիխե են տարել: Կասկածելի ոչինչ չգտնելով, ասել են, որ երկիրը լքի, հակառակ դեպքում իրեն կնստեցնեն: Ժամը 11:00-ի սահմաններում հավաքվածներին մոտեցավ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին և օմբուդսմենի գրասենյակի այլ աշխատակիցներ: Նրանք լսեցին բողոքողներին և հետաքրքրվեցին արդյոք փաստաբան ունեն, և որ նրանք կարող են դիմում գրել Օմբուդսմենի գրասենյակին: Հավաքվածները գնացին Վարչության շենք, որպեսզի հանդիպեն Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, սակայն վերջինս իր աշխատակիցների հետ շենքից դուրս էր գալիս: Աստիճանների վրա քաղաքապետը լսեց հավաքվածների բողոքը և ասաց, որ առաջին անգամ է այս մասին լսում: Եվ ավելացրեց, որ կարող են ավելի ուշ մոտենալ իրեն, քանի որ ինքը գնում է Սուրբ Խաչ եկեղեցի, 1988 թվականի Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու:
 
Ակցիայի մասնակիցները ևս գնացին եկեղեցու բակ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, որից հետո վերադարձան և խմբերով կանգնած են Վարչության շենքի դիմաց: