Վերջին օրերին հայկական հեռուստաընկերությունները լծվել են հարեւան երկրի նախագահական ընտրություններն ու հետընտրական շոուները լուսաբանելու գործին: Է՛լ հեգնանք, է՛լ չարախնդություն, թե՝ տեսեք-տեսեք, Ալիեւը ոնց կարողացավ միջազգային դիտորդների աչքի առաջ, ընտրակեղծիքներով վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում: Եթերներում այնպես մանրամասն են լուսաբանում կեղծիքներն ու խոշոր պլանով ցույց տալիս կեղծարարներին, ասես մենք դրանից հազարավոր կիլոմետրեր հեռու ենք: Այնպես են հեգնում չորրորդ անգամ վերընտրվող նախագահին, կարծես մերը դրանից ետ է մնում:

 

Բա չասե՞ս՝ ձեր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փո՞ւշն եք տեսնում: Նախագահի ընտրություն լինի, խորհրդարանի, թե ՏԻՄ, բոլորն էլ մեր երկրում ակնհայտ ընտրախախտումներով են անցել:
Բայց ո՞ր հեռուստաալիքն է փորձել իրերն իրենց անունով կոչել: Չհաշված մի քանի մանր-մունր զեղծարարությունների, որոնք, իբր, ընտրությունների արդյունքի վրա էապես չեն ազդել, հեռուստաընկերությունները, ընդհանուր առմամբ՝ վարդագույն պատկեր են ներկայացրել:
Հիմա շատ հարմար պահ է սուլթանական Ադրբեջանի ֆոնին Հայաստանը ներկայացնել որպես ազատ ու ժողովրդավարական պետություն: Պետություն, որի տերը ժողովուրդն է ու ժողովուրդն էլ ընտրում է իր իշխանությունը: Մի տեսակ պարադոքս է ստացվում. ժողովուրդն «ընտրել» է ու հիմա հրապարակ է դուրս եկել իր «ընտրյալից» ազատվելո՞ւ համար:
Իսկ ինչո՞ւ են նույն այդ ժողովրդի թիկունքում տաքացող հեռուստաընկերությունները լռություն պահպանում հրապարակային բողոքի ձեւն ընտրած իրենց հայրենակիցների նկատմամբ: Ինչո՞ւ իրենց լրատվական թողարկումներում չեն լուսաբանում պայքարի ընթացքը: Հատուկ հրահանգի՞ են սպասում…
 
Թե՞ սթափեցնող քայլ էր պետք, որ ժողովրդի փողերով սնվող Հանրայինն իրեն նեղություն տար ու վերջապես անդրադառնար հրապարակում հավաքվածներին: Այս պարագայում սթափեցնողը «Քայլ արա»-ի գրոհն էր Հանրային ռադիոյի վրա, որը Հ1-ն ընկալեց որպես մեսիջ՝ ուղղված իրեն:
Ի դեպ, շատ ուշագրավ էին Ռադիոյի տնօրեն-փոխտնօրենի պահվածքն ու իշխանության վերաբերմունքը Ռադիո ներխուժելուն։ Եթե այն հանրային է, ապա ինչո՞ւ չի տալիս հանրության տեսակետը, ինչո՞ւ ուղիղ եթեր չտրամադրեցին հանրության՝ Ռադիո այցելած խմբին։ Ի վերջո, եթե իշխանությունը, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հանրություն են եւ կարող են օգտվել Ռադիոյի եթերից, ապա դրանից պետք է կարողանան օգտվել նաեւ շարքային քաղաքացիները։