Հայաաստանի երրորդ  նախագահ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին ու ներկայացրել Հայաստանում խորհրդարանական կառավարման անցնելու արդյունքները, իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելը, իշխանության ներսում դերաբաշխումը և այլն։
«Իմ կուսակցական գործընկերները կուսակցական համապատասխան նիստերում համաձայնել են Կարեն Կարապետյանի առաջարկի հետ, և ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել նման պատասխանատվություն։ Բայց ոչ մի բան հավերժ չէ», – նշել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով իր առաջադրման մասին:
 
Երրորդ նախագահը կրկին նշել է, որ եթե ժամանակը ների, երիտասարդ գործիչներին է փոխանցելու իր փորձը, որ կուտակել է տարբեր պաշտոններում եղած ժամանակ։
 
«Մենք պետք է մտածենք արժանավոր երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ Հանրապետականի շարքերում, և՛ այդ շարքերից դուրս», – նշել է Սարգսյանը։
 
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀԿ գերագույն մարմինը որոշել է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում։