Ռուս ընդդիմադիր գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը Facebook-յան իր էջում անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին,  դրանք որակելով որպես նոր հնարավորություն:
 
Նրա խոսքով՝ Ռուաստանը Սերժ Սարգսյանին օգնելու համար կարող է օգտագործել Հայաստանում գտնվող իր զորքերը, որից հետո ողջ հայ ժողովուրդը կատի ռուսներին:
 
«Հայաստանում հեղափոխություն է, Սերժ Սարգսյանը հայերին զզվացրել է իր ստերով, հավետ կառավարմամբ ու քրեական հեղինակությունների հետ կապերով։ Հայերը չեն հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ Սերժ Սարգսյանին: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանության հասնելու համար կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամը չէ, որ դուրս են գալիս փողոց ևնայս անգամ կարծես թե ժողովուրդը միասնական է: Ընդդիմադիրների առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի վախենում այս հեղափոխությունն անվանել «թավշյա»:
 
Պատկերացնում եմ, թե ինչպիսի սարսափով են Կրեմլում հիմա հետևում Հայաստանում զարգացող իրադարձություններին: Չէ որ մի օր նույն զանգը իրենց մոտ էլ է հնչելու: Հայաստանում կան ռուսական զորքեր և Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում դրանք դուրս կգան Երևանի փողոցներ: Կրեմլում այդքան իմաստնություն կունենան, անշուշտ, ինչպես իմաստնություն ունեցան անեքսիայի ենթարկել Ղրիմը, կամ երեկ` արգելափակել Telegram-ը: Եթե հանկարծ ռուսները ռազմական ուժ կիրառեն ընդդեմ փողոց դուրս եկած հայերի, ապա հայ ժողովուրդը կատի «Իվանին» (ռուսներին) ինչպես երբեք:
 
Այդ դեպքում հնարավոր է, որ Հայաստանը ներառվի ՆԱՏՕ-ի կազմում, և վերանան այն սպառնալիքները, որ կան Թուրքիայից և Իրանից, իսկ ռուս զինվորները կհեռանան Հայաստանից: Հույս եմ փայփայում, որ մենք` ռուսներս, այս նոր հնարավորությունից չենք օգտվի եւս մեկ թշնամի մեզ վաստակելու համար»,- գրել է ռուս ընդդիմադիր գործիչը: